Ստամբուլահայ լուսանկարիչ Ասպետ Մանուկյանը անօդաչու թռչող սարքի միջոցով նկարահանել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը եւ նկարահանումները տեղադրել Youtube-ում, ինչը մեծ խուճապ է առաջացրել օդանավակայանի անվտանգության մարմինների եւ ղեկավարության մոտ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ լուսանկարիչ Ասպետ Մանուկյանն իր հետաքրքրություններից ելնելով անօդաչու թռչող սարքի միջոցով րոպեներով օդից նկարահանել է Ստամբուլի օդանավակայանը՝ դրանով ցույց տալով օդանավակայանի անվտանգության խոցելությունը։
Հայ լուսանկարչի քայլը հայտնի է դարձել, երբ վերջինս Youtube-ում է տեղադրել երկնքից արված 12 րոպեանոց նկարահանումները։ Այդ տեսանյութը դիտած օդանավակայանի ղեկավարությունն ու անվտանգության մարմինները խուճապի մեջ են հայտնվել, քանի որ համարել են, որ Մանուկյանի արարքը կարող է ուղեցույց լինել ահաբեկիչներին, ինչպես նաեւ նրա թռչող սարքը կարող էր օդանավակայանից թռչող կամ վայրէջք կատարող օդանավերի համար խնդիրներ ստեղծել։
Ասպետ Մանուկյանը հեռացրել է տեսանյութն ինտերնետից՝ ներողություն խնդրելով, որ չի պատկերացրել, որ իր քայլով վտանգի է ենթարկում բազմաթիվ ուղեւորների կյանքը։
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի ղեկավարությունը հայտնել է, որ հայց է ներկայացրել Ասպետ Մանուկյանի դեմ։