Հայկական բանակն արդեն 23 տարեկան է: Հայրենիքի աչալուրջ զինծառայողների թվում քիչ չեն նաև մարզիկները: Sport Times.am-ի թղթակիցը զրուցել է այժմ զինծառայության մեջ գտնվող մարզիկների հետ` պարզելու, թե ինչպես են նրանք հարմարվել բանակային առօրյային, որն է նրանց սիրելի զինվորական երգը և, բնականաբար, ինչ բերամաղթանք ունեն բանակի տոնի առթիվ:
Շարքային Վոլոդյա Ֆրանգուլյանը բանակ է զորակոչվել 2013 թվականի հուլիս 22-ին: Ազատ ոճային ըմբիշ է, միջազգային մրցաշարերի հաղթող, Հայաստանի փոխչեմպիոն: Վոլոդյան պատմում է, որ դժվարությամբ չի հարմարվել նոր առօրյային, քանի որ ծառայում է ՀՀ ՊՆ Բանակի կենտրոնական մարզական ակումբում, որտեղ մարզվելու համար կան անհրաժեշտ պայմանները: Ըմբիշներն ունեն քաշի պահպանման խնդիր, Վոլոդյան նշում է, որ «բանակային սնունդը» բավարարում է մարզական պահանջները.
«Այստեղ լավ են սնում: Սակայն մեզ հատուկ սնունդ է հարկավոր, դրա համար մրցումներից առաջ մեզ գործուղման հրամանով ուղարկում են մասնակցելու հավաքների, և ամեն ինչ ընկնում է իրա տեղը»,- ասում է շարքային Ֆրագուլյանը:
Վոլոդյա Ֆրանգուլյանի շնորհավորանքը. «Շնորհավորում եմ բոլոր զինվորներին՝ նախկին, ներկա և ապագա, ինչպես նաև ամբողջ ազգին: Ցանկանում եմ խաղաղություն, կապույտ երկինք և առողջություն բոլոր զինվորներին, իսկ նրանց սպասող մայրերին՝ համբերություն: Մեր հարազատ ԲԿՄԱ-ին էլ` նորանոր հաղթանակներ և նվաճումներ սպորտի ասպարեզում»:
Շարքային Սմբատ Մարգարյան: 2014 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը բանակ է զորակոչվել անցյալ տարվա հուլիսին: Շարքային Մարգարյանը ևս ընդգծում է, որ ծառայության ընթացքում դժվարությունների չի հանդիպել:
«Դեռ մինչ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ ընդունվելը ցանկանում էի ծառայել Հայոց բանակում: Այնպես որ, ամեն ինչ տրամաբանական շարունակություն է ունեցել»:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ծանրորդը նշեց, որ չի կարող միանշանակ ասել, թե զինծառայությունն ինչով է օգնում կամ խանգարում մարզիկին. «Բոլորն էլ պետք է ծառայեն և իրենց պարտքը տան հայրենիքին, սակայն ծանրաբեռնված մարզական գրաֆիկի հետ համատեղ մի փոքր բարդանում է ծառայության գործընթացը»:
Շարքային Մարգարյանի շնորհավորանքը. «Շնորհավորում եմ: Բոլոր զինծառայողներին առողջություն, կամքի մեծ ուժ և համբերություն, խաղաղ ծառայություն և բարի վերադարձ եմ մաղթում»:
Սմբատ Մարգարյանի սիրելի զինվորական երգը.