Յավանի ծովում AirAsia Indonesia-ի կործանված ինքնաթիռի բորտային ինքնագրերը տալիս են «հստակ պատկեր», թե ինչ է տեղի ունեցել աղետի վերջին րոպեներին, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով Straits Times-ին:
Այդ մասին հայտարարել է Ինդոնեզիայի տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեի ներկայացուցիչ Մարջոնո Սիսվոսուվարնոն:
Նրա խոսքով՝ աղետից անմիջապես առաջ օդանավի կառավարումն իր վրա է վերցրել երկրորդ օդաչուն:
«Անձնակազմի հրամանատարի օգնականը, որը հայտնի է որպես երկրորդ օդաչու, ով սովորաբար նստում է խցիկի աջ մասում: Այդ պահին նա է ղեկավարել ինքնաթիռը»,- նրա խոսքերը մեջբերում է Straits Times-ը:
Նշվում է, որ ինքնաթիռը ծովն է ընկել 3 րոպեում:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ ինդոնեզական ընկերության ինքնաթիռի զոհերի մարմինների որոնողական աշխատանքները կարող են կասեցվել շաբթվա վերջին, եթե փրկարարներին չհաջողվի նոր աճյուններ հայտնաբերել:
Ինքնաթիռը վթարվել էր 2014թ. դեկտեմբերի 28-ի վաղ առավոտյան: Ինքնաթիռում գտնվել է 162 մարդ: