Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով շփման խմբի՝ հունվարի 30-ին նախատեսված հանդիպման ձախողումը հետ չի կանգնեցրել կողմերին մեկ այլ հանդիպում անցկացնելուց: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Բանակցությունները տեղափոխվել են շաբաթ օրվան»,- ուրբաթ օրը հայտնել է բանակցություններում Ուկրաինայի ներկայացուցիչ Լեոնիդ Կուչման:
Ուկրաինայի ԱԳՆ-ից նաև նշել են, որ պատրաստվում են Մինսկում կայանալիք հանդիպմանը. «Մենք հուսով ենք, որ հանդիպումը տեղի կունենա վաղը, բոլոր ստորագրողները ներկա կլինեն և ձեռք կբերվեն պայմանավորվածություններ այն մասին, թե ինչպես պետք է կատարել Մինսկի արձանագրությունը և հուշագիրը, թե ինչպես պետք է առաջ շարժվել՝ հրադադարի հաստատման, հրետանու դուրսբերման, գերիների փոխանակման և այլնի համար: Բոլոր այդ հարցերը հիմնարար են ուկրաինական կողմի համար»,- ուրբաթ օրն ասել է Ուկրաինայի ԱԳ նախախարության քաղաքականության և հաղորդակցության վարչության տնօրեն Ալեքսեյ Մակեևը: