ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում, որովհետև հետո պետք է առերեսվի ցեղասպանության հետևանքների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հունվարի 31-ին նշեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Նրա համոզմամբ՝ մեզ համար, իհարկե, շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները գոնե 100-րդ տարելիցին ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Հետագա ճանաչումն ավելի բարդ կլինի: Նույն սրությամբ օրակարգում չի մնա Հայոց ցեղասպանության ճանաչումը: Իսկ հիմա օրակարգում է: Կարծում եմ, որ ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ի ելույթը կարևոր է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հակոբ Չաքրյանը:
Թուրքագետի համոզմամբ՝ ինքը գիտի, թե ինչու ԱՄՆ-ի նախագահը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: «Խնդիրը թուրքերը չեն: ԱՄՆ-ը միակ լիարժեք գերտերությունն է, ճանաչելու դեպքում ցեղասպանության հետևանքների վերացման պատասխանատվությունն էլ է ստանձնում: Ուրուգվայը կամ Լիբանանը կարող են չստանձնել, եթե ստանձնեն էլ՝ ի վիճակի չեն լինի կատարել: Բայց ԱՄՆ-ի հանգամանքն ուրիշ է: ԱՄՆ-ն թուրքերից չի վախենում»,- նշեց նա: