Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակչությունը 2015 թվականի փետրվարին գերազանցել է նախորդ ռեկորդային նշագիծը, որը գրանցվել է 1939 թվականին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են Մեծ Լոնդոնի վարչության տվյալները, որոնք հրապարակվել են փետրվարի 2-ին:
Bloomberg գործակալությունը նշում է, որ այժմ Լոնդոնում բնակվում է շուրջ 8,63 միլիոն մարդ: Քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնը բնակչության թվաքանակի բումը բացատրում է հանցավորության ցածր մակարդակով, գերազանց տնտեսական իրադրությամբ կանաչի առատությամբ:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչների թվաքանակի նախորդ բարձրակետը կազմել է 8,615 միլիոն: Քաղաքի բնակչությունը նվազել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից, կրճատումն ուժեղացել է «Լոնդոնյան բլիցի»՝ 1940 – 1941 թվականների ռմբակոծումների ժամանակ: Քաղաքացիների արտահոսի երկրորդ ալիքը կապված էր 1960 – 1970-ական թվականների տնտեսական անկման հետ, իսկ 1988 թվականին Լոնդոնում բնակվում էր 6,7 միլիոն մարդ:
Փարիզը և Բեռլինն այդպես էլ չեն գերազանցել բնակչության նախապատերազմյան ռեկորդները:
2030-ական թվականների կեսերին Լոնդոնի բնակչության թվաքանակն, ինչպես սպասվում է, կհասնի 10 միլիոնի, 2050 թվականին՝ կգերազանցի 11 միլիոնը:
Փորձագետները նախազգուշացնում են, որ բնակչության աճը կապված է էական հիմնախնդիրների հետ, ներառյալ տրանսպորտային և պաշարային հիմնախնդիրները: London First խմբի գնահատումներով՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ծառայությունների պահանջարկը 2036 թվականին կմեծանա 50 տոկոսով:
Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, ամեն տարի լոնդոնցիներին և քաղաքի հյուրերին պահանջվում են շուրջ 50 հազար նոր բնակարան և տուն, սակայն շինարարության իրական ծավալները կազմում են այս ցուցանիշի կեսից պակասը: London Frist-ից Դևիդ Լուտոնի խոսքով՝ մատչելի բնակարանի պակասությունը «լուրջ հիմնախնդիր է դառնում ձեռնարկությունների համար». ընկերությունները կորցնում են որակյալ աշխատողներին, որոնք գերադասում են այլ տեղ գտնել իրենց համար:
Լոնդոնում առաջին մարդահամարն անցկացվել է 1801 թվականին, այն ժամանակ Բրիտանական կայսրության մայրաքաղաքում բնակվել է մեկ միլիոնից փոքր-ինչ ավելի մարդ, սակայն 1901 թվականին լոնդոնցիների թիվն արդեն եղել է 6,5 միլիոն: