Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով խորհրդին հրաժարվել Գազայի հատվածում անցած տարվա մարտերի ընթացքում միջազգային իրավունքի խախտման հնարավոր դեպքերի հետաքննության արդյունքները հրապարակելուց՝ այն բանից հետո, երբ զեկույցով զբաղվող հանձնաժողովի ղեկավարը լքել է իր պաշտոնը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Իսրայելի իշխանությունները կանադացի պրոֆեսոր Ուիլյամ Շաբասին, ով ավելի վաղ զբաղվել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության խորհրդատվությամբ, մեղադրում են հետաքննությունը վարելիս անկողմնակալության բացակայության մեջ:
«Հանձնաժողովի նախագահի հեռանալուց հետո, ով հայտնի է իր հակաիսրայելական հակումներով, պետք է չեղարկել զեկույցի հրապարակումը, որը պատրաստվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի նախաձեռնությամբ՝ հակաիսրայելական մարմին, որն իր որոշումներով ապացուցում է, որ իր և մարդու իրավունքների միջև ընդհանուր ոչինչ չկա»,- ասվում է Նեթանյահուի հայտարարության մեջ: