Ռուսաստանի Բելգորոդի մարզի Ալեքսեևկայի շրջանում փետրվարի 4-ի առավոտյան տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: «Մերսեդես-Բենց» միկրոավտոբուսը «ԿամԱԶ»-ին է բախվել Բելգորոդ - Պավլովսկ ավտոճանապարհի հատվածում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ ՆԳ նախարարության Բելգորոդի մարզի վարչության կայքը:
Իրավապահ մարմիններում տուժածների մասին տեղեկատվությունը չեն ճշտում, սակայն, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ, զոհվել է տասը և տուժել հինգ մարդ:
LifeNews հեռուստաալիքն, իր հերթին, հաղորդել է տասնմեկ զոհվածի մասին: Նշվում է, որ նրանք բոլորը եղել են Լուգանսկի մարզի բնակիչներ:
ՆԳ նախարարության տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բելգորոդից դեպի Ռոսսոշ մեկնող միկրոավտոբուսի վարորդը դուրս է եկել հանդիպական գոտի: Նախնական տեղեկատվությամբ՝ պատահարի պատճառ կարող էր դառնալ վարորդի անուշադրությունը: