Թայվանի մայրաքաղաք Թայբեյում TransAsia Airways ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվը հասել է 19-ի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությանը: Ավելի վաղ հաղորդել էր 12 զոհվածների մասին:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ATR-72 ինքնաթիռը, որը Taipei Songshan Airport օդանավակայանից մեկնել էր Ցզինմեն արշիպելագի ուղղությամբ, դիպել է կամրջին և ընկել Ցզիլուն գետը: Օդանավում եղել է 53 ուղևոր, ինչպես նաև անձնակազմի հինգ անդամ: Ուղևորներից երկուսը երեխաներ են:
Առայժմ հայտնի է 16 տուժածի մասին, ևս 30-ի ճակատագիրը դեռևս անհայտ է. մարդիկ մնացել են ինքնաթիռի ներսում: Լրատվամիջոցների տվյալներով՝ ուղևորներից ոմանք պատահածից հետո ինքնուրույն են ափ հասել:
Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստին», ինքնաթիռի բեկորները հարվածել են տաքսի ավտոմեքենայի, ինչի հետևանքով երկու մարդ վերքեր է ստացել:
Հնարավոր է, որ պատահածի պատճառը եղանակային վատ պայմաններ են: Կործանված ինքնաթիռը թողարկվել էր 2014 թվականի ապրիլին, իսկ վերջին տեխզննումն անցել է հունվարի 26-ին: