Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներն առաջին ընթերցմամբ այսօր ընդունել են օրինագիծ, որի համաձայն՝ Վիկտոր Յանուկովիչը զրկված է Ուկրաինայի նախագահի կոչումից: Այս մասին հաղորդել է «РБК-Украина»-ն: Օրինագծի օգտին քվեարկել է 281 խորհրդարանական:
Ավելի վաղ, համապատասխան օրինագծով հանդես էր եկել Ուկրաինայի արմատական կուսակցության խմբակցությունը, և խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը Գերագույն ռադայի աշխատակազմին հանձնարարել էր ուսումնասիրել այդ հարցը:
Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն պարզաբանել է, որ ձևականորեն Յանուկովիչը մինչ այժմ կրում է երկրի նախագահի կոչումը:
Հիշեցնենք, որ Վիկտոր Յանուկովիչն իշխանությունից փաստացի հեռացվել է Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի ընթացքում, իսկ 2014 թվականի փետրվարի 22-ին Գերագույն ռադան հայտարարել է, որ նա «ինքնամեկուսացել է սահմանադրական լիազորությունների կատարումից» և նշանակել է պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ: 2014 թվականի մայիսի 25-ին Ուկրաինայի քաղաքացիները հանրապետության նոր նախագահ են ընտրել Պյոտր Պորոշենկոյին: