Բունդեսլիգայի 20-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն ընդհատեց պարտությունների և անհաջող ելույթների շրջանը և հյուրընկալվելով «Ֆրայբուրգ»-ին հաղթեց խոշոր 0-3 հաշվով:
Դորտմունդցիները հանդիպումը մեկնարկից 9 րոպե անց առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ «Բորուսիա»-ի առաջատարներից Մարկո Ռոյսը: «Մեղուները» հաջողությունը զարգացրեցին նաև երկրորդ կեսի մեկնարկին: Խաղի 56-րդ րոպեին հաշվի կրկնապատկեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Դորտմունդի «Բորուսիա»-ի գաբոնցի հարձակվողը հանդիպման 72-րդ րոպեին դարձավ նաև դուբլի հեղինակ' հաշիվը դարձնելով 0-3:
Հայաստանի հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր և խաղադաշտ դուրս եկավ 80-րդ րոպեին' փոխարինելով Մարկո Ռոյսին:
Այս հաղթանակից հետո «Բորուսիա»-ն բարձրացավ 16-րդ հորիզոնականը և ունի 19 միավոր: Բունդեսլիգայի հաջորդ տուրում Յուրգեն Կլոպի սաները կխաղան Մայնց քաղաքի համանուն թիմի հետ: