Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր անհայտ անձինք առևանգել են ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին, ով ակտիվորեն մասնակցում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքից դժգոհ քաղաքացիների բողոքի ակցիաներին:
Մեր տեղեկություններով՝ ժամեր առաջ նրան անգիտակից վիճակում գտել են իրենց տան մուտքի մոտ: Այս պահին Արտակ Խաչատրյանը գտնվում է Մալաթիա ԲԿ-ում: Մտերիմների փոխանցմամբ՝ Արտակի ամբողջ դեմքն այտուցված է և մարմնի վրա բազմաթիվ վերքեր կան: Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով մի քանի պատգամավորների հետ գտնվում էր հիվանդանոցում, Orer.am-ի հետ զրույցում նշեց. «Ծեծի շարժառիթների հետ կապված դուք պետք է դիմեք ոստիկանություն: Այդ հարցում ես նույնպես՝ որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ իրավապահ համակարգից րոպե առաջ բացահայտել այս անամոթ հանցագործությունը: Ես խոսել եմ Արտակի հարազատների հետ, որոնք բացառում են հանցագործության անձնական շարժառիթը այս հանցագործության մեջ: Մնացածն արդեն իրավապահ համակարգի գործն է: Եվ սա նաև մեր ոստիկանության պատվախնդրության հարցն է՝ հնարավորինս շուտ բացահայտել այս անամոթությունը, որովհետև, երբ խոսում են «ապահով Հայաստանի» մասին, և քաղաքացին կարող է օրը ցերեկով ամենախայտառակ ձևով առևանգվել դիմակավորների կողմից, հինգ ժամ դաժանաբար ծեծի ենթարկվել, հետո հայտնվել փողոցում, ապա մենք պայքարելու ենք այդպիսի «ապահով Հայաստանի» դեմ:
Լևոն Փանոսյան