Գերմանիան չի բացառում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայի անդամներին զինելու հնարավորությունը: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
«Գերմանիան ԻՊ-ի դեմ պայքարի հարցում ընդունել է ուսումնամարզական առաքելությունների տրամադրմամբ օգնություն ցուցաբերելու որոշում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև զենքի մատակարարումների»,- ասել է Մերկելը՝ Վաշինգտոնում Բարաք Օբամայի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն անցած տարվա ամռանը Սիրիայի և Իրաքի զավթված տարածքներում «խալիֆայություն» է հռչակել: ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան օգոստոսից ավիահարվածներ է հասցնում Իրաքում ԴԱԻՇ-ի դիրքերին, իսկ սեպտեմբերի 23-ին՝ Սիրիայում խմբավորման դիրքերին: