Ազգային Ժողով ներկայացված նոր օրենսդրական փոփոխություններով տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը կնվազեցվի 20%-ից 2%: Այս արտոնությունից չեն կարող օգտվել արդյունաբերողները:
Այս կապակցությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ-ում մտահոգություն էր հայտնել, որ այս օրենքը հնարավորություն կտա, օրինակ, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին՝ ստեղծել մի մասնավոր կառույց, որը թույլ կտա ամբողջ արտահանումը վերցնել իր ձեռքը:
Armlur.am կայքը, մեջբերելով Զուրաբյանի խոսքը, նաև իրեն տրամադրված հետաքրքիր տեղեկություն է հրապարակել. «Չնայած խոսակցություններ կան, որ օրենսդրական այս փոփոխություններն արվել են Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի ցուցումով, սակայն լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ այս ամենի հետևում կանգնած են վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, ովքեր ձգտում են «օրինական» ճանապարհով համատեղ մեծացնել իրենց գերշահույթները: Հենց դրանով է պայմանավորված արտոնությունների համար նախատեսված բարձր շեմը»:
Ուշադրություն դարձրեք, ոչ մի խոսք չկա տնտեսության աշխուժացման համար նախադրյալներ ստեղծելու մասին և օրենսդրական փոփոխությունները, փաստորեն, բխում են մասնավոր անձանց շահերից: Իսկ ինչու են այդպիսի մտահոգություններ հնչում:
Հայտնի է, որ 50 մլրդ դրամը այնպիսի ահռելի թիվ է ՀՀ տնտեսության համար, որ շատ քիչ ընկերություններ կարող են իրենց նմանատիպ արտահանման ՛՛ճոխություն՛՛ թույլ տալ: Հայաստանի մոնոպոլիզացված տնտեսության պարագայում այդպիսի արտոնությունից կարող են օգտվել բացառապես օլիգարխներն ու իշխանության վերին օղակները զբաղեցնող անձիք, ովքեր առանց այն էլ չեն այրում հարկ վճարելու ցանկությունից:
Անշուշտ, արտահանման խթանումը օրախնդիր է Հայաստանի համար, սակայն արդյո՞ք վերջին փոփոխությունները դրական որևէ բան կտան օլիգարխիկ տեղատարափի պայմաններում քայքայված մեր տնտեսությանը. իհարկե ոչ: Նմանատիպ բարձր շեմը ուղղակի հնարավորություն կտա խոշորներին՝ առավել խոշորանալու և կլանելու առավել մանր գործարարներին: Մինչդեռ հատկապես ԵՏՄ-ի այդքան տարփողված 170 միլիոնանոց շուկայի բացման պայմաններում հարկավոր էր ստեղծել արտոնությունների այնպիսի ճկուն և գրավիչ համակարգ, որը կընդլայներ Հայաստանի տնտեսության սահմանները...
Վարուժան Բաբաջանյան