Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Ընտրանու գխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն արդեն որոշել է թիմի այն կազմը, որը փետրվարի 19-20-ը Թեհրանում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հաղորդում է, որ այս անգամ ստուգատեսը կազմակերպվել է նոր ձևաչափով. նախկին 10 թիմերի փոխարեն պատվավոր մրցանակը վիճարկելու են 2014 թ աշխարհի թիմային առաջնության արդյունքերով ուժեղագույն ութնյակում տեղ զբաղեցրած երկրների ըմբշամարտի ընտրանիները:
Պատասխանատու այս մրցաշարում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու են
Արթուր Մկրտչյանը (59 կգ), Գոռ Սիրեկանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Վահե Սիմոնյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):
Հայաստանի պատվիրակությունը ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանի գլխավորությամբ մրցավայր՝ Իրան կմեկնի փետրվարի 16-ին: Թեհրանում մեր ըմբիշները հանդես կգան մարզիչ Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ:
Հավելենք, որ վիճակահանության արդյունքներով Հայաստանի հավաքականն նախնական փուլում ընդգրկվել է Բ խմբում, որտեղ մրցաշարի առաջին օրը խմբային փուլում կմրցի Ռուսաստանի, Թուրքիայի և Հունգարիայի հավաքականների հետ: Ա խմբում ընդգրկված են Իրանի, Ադրբեջանի, Շվեդիայի և Գերմանիայի հավաքականները: Մրցաշարի 2-րդ օրը հավաքականները խմբերում զբաղեցրած տեղերին համապատասխան կվիճարկեն 1-ին, 3-րդ, 5-րդ և 7-րդ տեղերը: