19-20-րդ դարերի փիլիսոփաների և վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը համոզված էր, որ կրոնները այլևս տեղ չունեն հասարակական-քաղաքական կյանքում և աստիճանաբար դուրս են մղվում համաշխարհային պատմության ակտիվ թատերաբեմից: Ինչպես տեսանք, նրանց կանխատեսումները ոչ միայն չիրականացան, այլ, ընդհակառակը, ներկայումս բոլորովին այլ պատկեր ունենք: Վերածնված և վերաարժևորված ավանդական կրոնների կողքին արդեն տեսնում ենք նոր կրոնական համակարգերի ի հայտ գալը:
Նման բարդ իրավիճակում, բնականաբար, հրամայական է դառնում առաջադրել նոր մոտեցումներ, ինչը, մեր համոզմամբ, հնարավոր է պետության կողմից հասարակական կյանքում կրոնական ներդաշնակություն կամ խաղաղ համակեցություն ստեղծելու դեպքում: Հատկապես խոսքը կոնֆեսիոնալ բազմազան հասարակությունների մասին է:
Վերցնենք Լիբանանի օրինակը՝ մինչ քաղաքացիական պատերազմը, որի մոդելը, բնականաբար, չենք առաջարկում այլ երկրների համար: Պարզապես այն իդեալական է և ինչ-որ տեղ զարմանալի:
Դարերի ընթացքում Լիբանանի էթնո-կրոնական բազմազանությունը վճռորոշ նշանակություն ունեցավ պետության՝ 20-րդ դարի քաղաքական կյանքում. նրանց միջև կնքված համաձայնագրից ելնելով՝ երկրի նախագահ կարող էր լինել միայն քրիստոնյա-մարոնիտ, վարչապետ` մուսուլման-սուննի, պառլամենտի խոսնակ` շիա-մուսուլման, պառլամենտի փոխխոսնակ` ուղղափառ-քրիստոնյա: Նախարարական պորտֆելները, պառլամենտական մանդատները նույնպես բաժանված են հետևյալ հաջորդականությամբ: Ամեն կրոնական համայնք ունի իր դատարանները, դպրոցները, հիվանդանոցները և նույնիսկ որոշ դեպքերում՝ բարձրագույն կրթական հաստատություններ:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք չունենք նման կոնֆեսիոնալ բազմազանություն ու պետական լուրջ միջամտության, և համապատասխան մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր է ընդհանուր հայտարարի գալ և ստեղծել ներդաշնակություն` ամեն առիթի դեպքում «աղանդ» գոռալու, թշնամանք սերմանելու և առանց այն էլ ներքին արյունահոսությամբ տառապող Հայաստանում նորանոր ճաքեր ստեղծելու փոխարեն:
Կարպիս ՓաշոյանOrer.am, վերլուծաբան