Հունվարի սկզբին իտալական արդեն նախկին գրանդ ակումբ Միլանի «Ինտեր»-ը միանգամից պայմանագիր կնքեց երկու անվանի ֆուտբոլիստների՝ Ջերդան Շաքիրիի և Լուկաս Պոդոլսկու հետ: Վերջիններից ակնկալվում էր, որ հենց նրանք պետք է ստեղծեն այն անհրաժեշտ ուժը, որը պակասում էր թիմին եզրային գրոհների ժամանակ, ինչի վառ ապացույցն էր «Սամպդորիա»-ի հետ գավաթային հանդիպումը:
Ելնելով այդ խաղի արդյունքից, ինչպես նաև թիմի երկրպագուների հույսերից՝ տաղանդավոր, բայց այդպես էլ Մյունխենի «Բավարիա»-ում հիմնական կազմում տեղ չգտած Շաքիրին ձգտում է դառնալ միլանցիների առաջատարը: Իմանալով շվեյցարացու խաղային որակների մասին՝ կարող ենք հանգիստ նշել, որ այդպիսի հույսեր նրա հետ հենց այնպես չեն կապում: «Ինտեր»-ի ղեկավարությունը գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի օգնությամբ հասկացավ, որ այս մրցաշրջանում թիմի հարձակվողական նկրտումները հաճախ համընկնում են եզրային պաշտպանների անօգուտ բարձր փոխանցումների հետ, որոնց պարագայում Մաուրո Իկարդին չէր կարողանում ինչ-որ բան ձեռնարկել գրոհը ավարտին հասցնելու համար: Հենց այս տրանսֆերներն էին, որ պետք է կրեատիվ խաղ ու արագություն հաղորդեին թիմին հանդիպումների ժամանակ:
Ճիշտ է, այս ամենը Պոդոլսկու պարագայում ավելի աղոտ է երևում: Լուկասը Լոնդոնի «Արսենալ»-ում իր մրցելույթներով ապացուցեց, որ արագ, հարձակվողական ֆուտբոլին ինտեգրվելը խաղի ժամանակ իր համար բավականին բարդ է: Բայց երբ արագությամբ չի լինում օգնության հասնել թիմին, Պոդոլսկին այն անում է իր ունեցած փորձի հաշվին: Չարժե մոռանալ նաև այն մասին, որ նա ոչ միայն զինագործների, այլ նաև ԱՊԼ-ի լավագույն գոլահարներից մեկն էր. ուստի փորձառու գերմանացու տրանսֆերը նույնպես արդարացված է:
Դատելով առաջի շրջանի հանդիպումներից՝ տեսնում ենք, որ «Ինտեր»-ի գերխնդիրը հարձակվողական գծի բարելավումն է, ինչը չի կարելի ասել պաշտպանության և դարպասապահ Սամիր Հանդանովիչի խաղի մասին: Եթե չլիներ վերջինիս վստահ խաղը, ապա հաստատ կարող ենք արձանագրել, որ Մանչինիի թիմը կարող էր գտնվել մրցաշարային աղյուսակի ավելի ցածր հորիզոնականներում: Իսկ երբ թիմը անցավ երկու կենտրոնական պաշտպաններով սխեմային, Նեմանյա Վիդիչը և Անդրեա Ռանոկյան սկսեցին ավելի վստահ իրենց զգալ խաղադաշտում: Նույնիսկ «Յուվենթուս»-ի հետ մրցավեճում չկար այն մշտական խառնաշփոթը սեփական տուգանային հրապարակում: Ուստի պաշտպանության համար կարելի է հանգիստ լինել:
Ամեն ինչ այլ կերպ է հարձակման գծում, որը «Ինտեր»-ում, մեղմ ասած, գոյություն չունի: Երկրպագուները միշտ դժգոհ են Մաուրո Իկարդիից, Ռոդրիգո Պալասիոյից և Պաբլո Օսվալդոյից՝ չնայած այն փաստին, որ Իկարդիի հանդեպ դժգոհությունը այնքան էլ արդարացված չէ՝ ելնելով նրա ռմբարկուական վիճակագրությունից: Նրա թերությունը, ըստ երկրպագուների, կայանում է նրանում, որ մրցակցի տուգանային հրապարակում բացի իրենից ոչ ոքի չի տեսնում: Մանչինին Իկարդիին «խելքի բերելու» համար պարտավոր է ձեռք բերել կամ հարձակման գծում ուժեղ մրցակցի կամ լուրջ խաղընկեր, որը կարող է նրա համար օրինակ ծառայել: Հետևություն, որ «Ինտեր»-ի պարագայում տրանսֆերային շուկա մտնելիս պետք է փնտրել ոչ միայն կիսապաշտպանի, այլ նաև ուժեղ հարձակվողի, որին, թերևս, կարելի է գտնել պորտուգալական ու հոլանդական թիմերում:
Այնուամենայնիվ, «Ինտեր»-ը մրցաշրջանի երկրորդ հատվածում պետք է որ ավելի հետաքրքիր երևա: Չնայած վերջին պարտություններին՝ արդեն իսկ հետաքրքիր է հետևել այս թիմին. դրական փոփոխությունները ակնհայտ են: Փոխվում է թե թիմի կազմը, թե տրիբունաներում երկրպագուների քանակը: Կարող ենք վստահ ասել, որ Սերիա Ա-ի երկրորդ խաղաշրջանում ցուցադրած խաղերի արդյունքում «Ինտեր»-ը մրցաշրջանը կավարտի եվրոգավաթային հորիզոնականով: Ինչևիցե, ցանկանանք հաջողություններին այս թիմին. չէ՞ որ այն նաև Հայաստանում ունի երկրպագուներ:
Աշոտ Մնացականյան