ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր գնահատականները Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Կուսակցության գործադիր մարմնի անդամները քննարկել են Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ ՀՀ Նախագահի գնահատականները և արձանագրել, որ համամիտ են այդ գնահատականների հետ»,- ասաց նա:
Շարմազանովը նշեց, որ Սերժ Սարգսյանը, քիչ անց մեկնարկելիք խորհրդի նիստում, Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ ծրագրային ելույթ է ունենալու:
Հարցին, խորհրդի նիստում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկում լինելո՞ւ է, Շարմազանովը պատասխանեց, որ խոսքը չի վերաբերում սահմանադրական բարեփոխումներին, այլ ավելի լայն սպեկտրի՝ ներքաղաքական գնահատականների, ներքաղաքական զարգացումների մասին:
«Խոսքն այն մասին է, որ Հայաստանում պետք է ձևավորվի նորմալ քաղաքական մշակույթ, քաղաքականությամբ զբաղվեն մի այն քաղաքական գործիչները, և ցանկացած ոչ քաղաքական գործելակերպ չի կարող լինել քաղաքական մշակույթի մաս», շեշտեց ՀՀԿ խոսնակը: