Երբ ընդդիմամոլության աստիճանը բազմապատկվում է, իսկ ակնհայտորեն Արևմուտքի շահերը սպասարկելը արդարացվում, ապա առաջանում է պատասխան ռեակցիան՝ որպես «հակառակորդ», պիտակավորված իշխանությունների ներկայացուցիչն անցնում է հիշողության թարմացմանը, ավելի շուտ՝ զգուշացնում է դրա մասին: Հասկանալի է, որ խոսքը Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի՝ Ժիրայր Սեֆիլյանին ուղղված հայտնի գրառման մասին է:
Չգիտեմ՝ ով ինչպես ընկալեց այս գրառումը, բայց ես չեմ կարծում, որ Արթուր Աղաբեկյանի նման` ճանապարհ անցած, Արցախյան պատերազմում զգալի ավանդ ունեցած և բավականին զգալի կշիռ ունեցող մարդը կարող էր իրեն թույլ տալ հենց այնպես բառեր շաղ տալ: Նման պատասխանատու հայտարարություններ անելու համար առնվազն փաստեր է պետք ունենալ:
Այսինքն, Աղաբեկյանը պետք է առնվազն հաշվի առած լինի, որ Սեֆիլյանն` ի պատասխան իր հայտարարության, կարող է բացատրություն պահանջել, պարզաբանումներ ուզել կամ գոնե հերքել, և ինքը պետք է պատրաստ լինի ապացույցներ ներկայացնելու: Այսինքն, կարելի է եզրակացնել, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Աղաբեկյանն ասելիք կունենա, և միգուցե փակագծերն էլ կբացվեն, մենք էլ կհասկանանք, թե այդ ինչ է տեղի ունեցել Պռոշյան սովխոզում, նաև Սեֆիլյանին արտաքսելու և Աղաբեկյանի՝ նրան օգնելու պատմության մանրամասները:
Տարօրինակ է, որ Աղաբեկյանի հայտարարությունը Սեֆիլյանն անպատասխան թողեց, նույնիսկ չհերքեց, ինչը հիմք է տալիս կասկածելու, որ միգուցե հերքելու համար բավարար հիմքեր չկան: Համենայն դեպս, Ժիրայր Սեֆիլյանը գոնե կարող էր պատասխանել Արթուր Աղաբեկյանի հայտարարության հետևյալ մասին. «Սիրելի լրագրողներ, հուսով եմ, որ մեկ օր կլինեք Շուշիում և Ժիրիկը ձեզ ցույց կտա այն բնագիծը, որտեղից նա մղել է իր կյանքի «ամենամեծ ճակատամարտը»»: Բայց այս մեղադրանքին նույնպես հերքում չեղավ, և այս ամենը մի շարք հարցականներ է առաջացնում:
Հուսով եմ, Սեֆիլյանը կընդունի Աղաբեկյանի՝ հեռուստաբանավեճի գալու հրավերը, և այդ դեպքում շատ բան պարզ կդառնա: Իսկ եթե չընդունեց, ապա դա ամենևին իր օգտին չի լինի: Կսկսվի դիմակներ պատռելու ժամանակը:
Կարեն Վարդանյան