Վրաստանի կառավարության այսօրվա նիստին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կողմ է արտահայտվել Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքային ծառայության հսկողության ապարատի պետ Ջոկիա Բոդոկիայի ձերբակալությանը: Այս մասին հայտնել է apsny.ge-ն:
«Մեր կառավարությունն իսկապես ակնառու է կոռուպցիայի դեմ պայքարի առումով: Երեկ դեպք է տեղի ունեցել, ձերբակալվել է Թբիլիսիի քաղաքապետարանի ղեկավար անձանցից մեկը՝ կաշառակերության համար: Պետք է ևս մեկ անգամ հիշեցնեմ բոլորին, որ նման դեպքերն անհապաղ կկանխվեն: Ցանկացած մարդ, ով էլ լինի, օրենքի համապատասխան կպատժվի: Բոլոր հանրային պաշտոնյաները, ովքեր նման սխալ թույլ կտան, կամ պատրաստվում են անել դա, պետք է վստահ լինեն, որ խստորեն կպատժվեն»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով՝ իր կառավարությունը հասել է նրան, որ Վրաստանն այժմ ամենաքիչ կոռումպացված պետություններից է աշխարհում, և ոչ մեկին իրավունք չի տրվի վատացնել այդ դիրքը:
Ղարիբաշվիլին կոչ է արել բոլորին ակտիվացնել կոռուպցիայի դեմ պայքարը: