ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ, հանդես գալով ՀՀԿ խորհրդի նիստում, մեղմ ասած, չափից դուրս բացասական է գնահատել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անձը եւ մինչ օրս նրա ծավալած գործունեությունը: ՀՀ նախագահն իր ելույթում նշել է.««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կան հայրենասեր, գրագետ ու աշխատող մարդիկ, մարդիկ, ում հետ կարող ենք ճանապարհ անցնել, ովքեր իսկապես կարող են խնդիրներ լուծել, ոլորտներ առաջ տանել և մեջք մեջքի կանգնել` մեր երկրի դեմ ծառացած մարտահրավերներին դիմակայելիս: Ահա այսպիսի կոնսոլիդացիա, այսպիսի համախմբում է հարկավոր մեր երկրին, որ խնդիրները լուծենք, ոչ թե նոր խնդիրներ հարուցենք:
Բայց ունենք այն, ինչ ունենք: Քաղաքական լուրջ գործընթացների, քաղաքական լայն կոնսոլիդացիայի՝ համախմբման մասին դժվար է խոսել, երբ կարևորում ես քաղաքական ուժը, որտեղ կան լուրջ մարդիկ, բայց որը ղեկավարում է քաղաքականության և տարրական տրամաբանության հետ կապ չունեցող մարդ»:
Նախագահ Ս. Սարգսյանը նաեւ նշել է, որ նա սկսում է քաղաքական դաշտի մաքրման գործընթաց, որտեղ չեն կարող տեղ գտնել կրկեսային մարդիկ` հավելելով. «Այո՛, ողբերգություն է, ինչ-որ տեղ նաև զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի: Վստահաբար նրա շրջապատի գրագետ մարդիկ նույնպես հոգու խորքում հասկանում են, որ այս տեսակի՝ պատերազմող երկրի քաղաքական էլիտայի մաս հանդիսանալը իրական վտանգ է»:
Նկատենք, որ ՀՀ նախագահի ելույթից հետո, առյուծասիրտ ԲՀԿ-ականների շարքից անձնական կարծիքով հանդես եկավ կուսակցության խոսնակը: Չնայած նրան, որ Ուրիխանյանը փորձել էր ինչ-որ կերպ դուրս հանել ԲՀԿ-ին ՀՀԿ-ի աքացիների տակից, այնուամենայնիվ, Հիտլերի հետ համեմատությունները չփրկեցին տվյալ կուսակցության, արդեն իսկ, պատռված դեմքը:
Այսօր, մինչ քաղխորհրդի նիստ հրավիրելը, Orer.am-ը փորձեց կապ հաստատել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ, սակայն պատգամավորական խումբը, ըստ մեր տեղեկությունների, դեռ երեկ հրահանգ էր ստացել վերեւից՝ չպատասխանել լրագրողների հարցերին եւ որեւէ ավելորդ արտահայտություն թույլ չտալ իշխանությունների հասցեին:
ԲՀԿ-ին կանգնած մոտ աղբյուրները հայտնում են, որ ՀՀ նախագահի խոսքն այս պահին սպասված չէր ԲՀԿ-ի «մեծերի» համար, այն ոչ միայն տհաճություն, այլ նաեւ խուճապ է առաջացրել, այսպես կոչված, ոչ իշխանական ուժի մոտ:
Տեղեկացնենք, որ երեկ` մինչ ուշ ժամը, թեժ քննարկումներ են եղել ԲՀԿ կենտրոնական գրասենյակում, դրանք շարունակվել են նաեւ այսօր` վաղ առավոտից: Ներկայումս մշակվում է տակտիկական քայլերի հերթականությունը, որով էլ մոտ ապագայում պետք է շարժվի ԲՀԿ-ն:
Ըստ ԲՀԿ-ականների` առյուծասիտ ղեկավարը «մատը կծել է», բայց, այնուամենայնիվ, հրահանգ է տվել` կազմը պատրաստ լինել ու սպասել հրամանների, որոնք պետք է իրականացվեն օպերատիվ կերպով և առանց սխալների:
Սոսե Չանդոյան