Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարիերայի արդեն մոտալուտ վախճանը, կարելի է ասել, կանխատեսելի էր, քանի որ ԲՀԿ առաջնորդի յուրաքանչյուր հերթական քայլում ոչ միայն նվազում էր տրամաբանություն ասվածը, այլ նվազում էր նաև նրա հանդեպ վստահությունը:
Նախ, վերցնենք 2 օր առաջ նրա կատարած այցը Մոսկվա, որտեղ նա, ըստ ԲՀԿ-ական լրատվամիջոցների, իբրև թե ամենաբարձր մակարդակի հանդիպումներ էր ունեցել ՌԴ բարձրաստիճան դեմքերի հետ, սակայն որևէ անուն այդպես էլ չնշվեց: Այսինքն, իրեն ընդդիմության լիդեր համարող գործիչն ընտրել էր փակ գործելաոճը, ինչը պարզապես աբսուրդային է հնչում: Հիշենք, որ մինչ այս այցն էլ, Ծառուկյանն արդեն փակ քննարկումներ էր անցկացրել, իսկ դրանից առաջ էլ, շատ անգամներ, իր որոշումները երկար ժամանակ գաղտնի է պահել իր իսկ ընտրողներից:
Եթե այս ամենին ավելացնենք ԲՀԿ-ական վերլուծաբանների «դարակազմիկ վերլուծություններն» այն մասին, որ Ծառուկյանի Մոսկվա այցի ընթացքում պարզվել է, որ Մոսկվան, իբրև թե, դեմ չէ Սերժ Սարգսյանին ընտրությունների միջոցով հեռացնելուն, և որ Սերժ Սարգսյանն էլ, իբրև թե, մտածում է հանձնվել ու հայտարարել արտահերթ ընտրությունների մասին, ապա նաև ավելացնենք «Московская правда»-ի այն լուրը, որ իրականում Ծառուկյանին Մոսկվայում չի հաջողվել հանդիպել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ապա հասկանալի է դառնում, որ նման մութ, կասկածելի և անազնիվ գործելաոճը կնյարդայնացներ նույնիսկ ԲՀԿ-ի ընտրազանգվածին, էլ ուր մնաց ափերից չհաներ իշխանություններին:
Փաստորեն, ի վերջո, լցվեց նաև երկրի նախագահի համբերության բաժակը, իսկ արդյունքը մեկնաբանելու կարիք չկա, պարզապես պետք է կարդալ Սերժ Սարգսյանի ելույթը:
Ինչպես և լինում է նման դեպքերում, կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում ջրի երես դուրս կգան մի շարք հանգամանքներ` Ծառուկյանի մութ անցյալի դրվագներ, և իշխանություններն այլևս աչք չեն փակի այն բաների վրա, որոնց վրա նախկինում աչք էին փակում: Կարծում եմ` Ծառուկյանին, բացի քաղաքական կարիերայի ավարտից, ավելի վատ հետևանքներ էլ են սպասվում: Այնպես որ, սպասենք կրքերի թեժացմանը:
Կարեն Վարդանյան