Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն չկարողացավ գրավել մրցակցի դարպասը իսպանական Պրիմիերայի 23-րդ տուրի «Դեպորտիվոյի» հետ մրցավեճում (2-0),- հայտնում է Orer.am-ը:
Ռոնալդուն գոլ չհեղինակեց արդեն երրորդ խաղն անընդմեջ: Ավելի վաղ 30-ամյա ֆուտբոլիստը դաշտից առանց գնդակ հեռացել էր «Կորդոբայի» և «Ատլետիկոյի» հետ խաղերից հետո: Ընդ որում, «Կորդոբայի» հետ խաղում նա հաջողացրեց վաստակել կարմիր քարտ, ինչի արդյունքում որակազրկվեց 2 խաղով:
Այսպիսի իրավիճակ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մոտ ստեղծվել էր նաև 2011 թվականի փետրվար ամսին: Այդ ժամանակ նա չկարողացավ աչքի ընկնել «Էսպանյոլի» (1-0), «Լևանտեի» (2-0) և «Դեպորտիվոյի» (0-0) հետ խաղերում: Սակայն հաջորդ իսկ խաղում «Մալագայի» հետ նա ձևակերպեց հեթ-թրիք՝ օգնելով մադրիդցիներին առավելության հասնել ոչ ֆուտբոլային 7-0 հաշվով:
Ինչևիցե, գուցե նրան կհաջողվի կրկնել պատմությունը, քանի որ փետրվարի 22-ին կայանալիք 24-րդ տուրի հանդիպումներում նրան բաժին է ընկել մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականներում հանգրվանած համեստ «Էլչեն»:
Աշոտ Մնացականյան