Քաղաքական գերեզմանոցից հառնելու փորձեր է անում նաև ՀԱԿ-ը՝ օգտագործելով մարտի 1-ի իր խաղաքարտը: Ընդդիմության երբեմնի գլխավոր ուժը դեռ փետրվարի 5-ին տեղեկացրել էր Երևանի քաղաքապետարանին՝ այդ օրը հանրահավաք և երթ կազմակերպելու մասին: Փաստորեն, կարողանում են հաշվարկներ անել` ենթադրելով, որ ԲՀԿ-ն դժվար մասնակցի, իսկ առանց ԲՀԿ-ի, ամենայն հավանականությամբ, 500 մարդ էլ կարող է չհավաքվել, իսկ այդ դեպքում միջոցառման ձևակերպումն իրենց կփրկի, նրանք դա կվերածեն երթի և կսահմանափակվեն միայն երթով:
Կարծես թե խելացի է մտածված, բայց այստեղ եղավ անսպասելին՝ ԲՀԿ-ն դարձավ արմատական ընդդիմություն, Ծառուկյանը սկսեց խոսել ինչ-որ մոբիլիզացիաներից, և հիմա հնարավոր է նաև, որ ԲՀԿ-ն այսուհետ նման ընդդիմադիր բնույթի միջոցառումներին մասնակցելու և աջակցելու ոչ մի հնարավորություն բաց չթողնի: Այսինքն, արդեն չի բացառվում, որ ԲՀԿ-ն էլ կմասնակցի մարտի 1-ի հանրահավաքին: Եվ այստեղ ահա պատկերացրեք տեսարանը՝ ԲՀԿ-ն ու մարտի 1-ին նվիրված միջոցառումը, Ծառուկյանն ու Օսկանյանը մարտի 1-ին նվիրված միջոցառմանը: Ու միանգամից սկսում ենք հիշել 2009 թվակաին ՀԱԿ-ի կողմից ԵԽԽՎ-ին ներկայացրած զեկույցը (http://topnews.mediamall.am/?id=16633), որտեղ փաստացի նկարագրվում է, թե ըստ իրենց՝ քանի հոգու վրա է կրակել Ծառուկյանի «թիկնազորն» այդ հայտնի գործողության ժամանակ, ասվում է նաև, որ «2008-ի մարտի 1-ի իշխանության կազմակերպած և իրագործած հրեշավոր գործողության նախապատրաստական դրվագներից մեկում» ուղղակի մասնակցություն է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Այն, որ ՀԱԿ-ի մոտ հիշողությունը պատվերով է և նրանք հիշում են միայն այն, ինչը իրենց տվյալ պահին ձեռնտու է` նորություն չէ: Նույն հաջողությամբ ՀԱԿ-ն իր և իր համակիրների հիշողությունից մոնտաժել-կտրել էր 1996թ. դեպքերը: Բայց, բարեբախտաբար, այդ մոնտաժի ազդեցությունը չի տարածվում իր ոչ համակիրների վրա:
Եվ հիմա պատկերացրեք՝ Ծառուկյանը մարտի 1-ին Ազատության հրապարակում՝ մարտի 1-ի ոճրագործությունը դատապարտելիս: Ուղղակի պատկերացրեք ու վերջ կամ գոնե փորձեք պատկերացնել...
Էլ չեմ ասում Վարդան Օսկանյանի ու մնացածների մասին, այսքանն էլ հերիք է: Եվ հիմա դժվար է ասել, թե որը կլինի ՀԱԿ-ին ավելի ձեռնտու՝ փոքրիկ երթ, սկզբունքայնության գոնե տեսանելիություն ապահովելո՞վ, թե՞ ավելի մեծ հանրահավաք ԲՀԿ-ի մասնակցությամբ, բայց առանց սկզբունքայնության որևէ նշույլի և առանց այն էլ իրենց խիստ ցածր վարկանիշը վերջնականապես զրոյացնող: Չնայած, ամեն դեպքում, նույն ԲՀԿ-ի հետ իրենք այսօր դաշինք են կազմել, և այդքանն էլ հերիք է:
Կարեն Վարդանյան