«Ներընտանեկան կռիվ է, ես չեմ ցանկանա խառնվել». Ալեքսանդր Արզումանյանը՝ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության մասին
PoliticsԱյսօր լրագրողներին է հանդիպել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը,- տեղեկացնում է Օrer.am-ը: Խոսելով հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ-ից հետ կանչելու մասին՝ Արզումանյանը նշեց, որ սա Սերժ Սարգսյանի ՄԱԿ-ի ելույթի տրամաբանական շարունակությունն է: Ըստ նախկին արտգործնախարարի՝ Հայաստանը փորձեց անել իր կողմից անհրաժեշտ քայլերը, որպեսզի հնարավորինս բալանսավորի հարաբերությունները, սակայն երբ գնդակը Թուրքիայի դաշտում էր, այդպես էլ պատասխան չեղավ: Պարոն Արզումանյանն արձանագրությունների հետ կանչի և ՀՅԴ-ի հնարավոր կոալիցիա վերադառնալու մեջ կապ չի տեսնում: Բանախոսը գտնում է, որ արձանագրությունների հետ կանչն ավելի շատ կապ ունի Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, որը գուցե պատասխան էր Գալիպոլիի ճակատամարտի հրավերին: Պատգամավորը նաև անդրադարձավ փետրվարի 12-ի Սերժ Սարգսյանի հայտնի ելույթին: «Ներընտանեկան կռիվ է, ես չեմ ցանկանում խառնվել։ Բայց ես բազմիցս ասել եմ, որ մեր տիպի երկրներում անհնար է լինել օլիգարխ և ընդդիմադիր, դա բացառված է։ Կան խաղի կանոններ, որոնք թելադրում են լոգիկա»,-տեսակետ հայտնեց ընդդիմադիր գործիչը: Ըստ Արզումանյանի՝ եթե այս ամենն արվում է Քոչարյանի վերադարձի համար, ապա հասարակությունը դժվար թե ողջունի այդ քայլը: