Հիմա հասկացա՞ք, թե ինչ է նշանակում «այլընտրանք», և որ այլընտրանքը ընդդիմություն դառնալ չի կարող... Չեմ կարծում, թե բոլորը հասկացել են և մտավախություն ունեմ, որ հաջորդ անգամ էլ նույն ձևով կոգևորվեն Ծառուկյանի հերթական ընդդիմադիր պոռթկումով, որպեսզի օրեր անց հիասթափվեն: Եթե վերջում միևնույնն է՝ հիասթափությունն է լինելու, ապա ո՞րն է ոգևորվելու իմաստը. ահա այս հարցի շուրջ կարող են մտորել ԲՀԿ-ի համակիրները:Վերջին իրադարձությունները ցույց տվեցին նաև, որ Գագիկ Ծառուկյանն իսկապես որ այլ ոլորտներում իրեն շատ ավելի լավ կդրսևորի, քան քաղաքականության մեջ, քանի որ նա նույնիսկ տարրական հաշվարկներ անել ի զորու չէ: Ցանկացած քաղաքական ուժ, լիդեր որևէ գորոծողություն նախաձեռնելուց առաջ պետք է ճիշտ գնահատի իր ուժերն ու հնարավորությունները, իր ծրագրած գործողությունն իրականացնելու գոնե մինիմալ հնարավորություն տեսնի, հաշվարկի, ապա նոր սկսի խոստումներ տալ իր համակիրներին: Գործիչը չպետք է մոռանա, որ յուրաքանչյուր խաբված ու հիասթափված համակիր իր վարկանիշի և գալիք ընտրություններում իր ստանալիք քվեների նվազումն է: Այս հանգամանքը պետք է որ մտահոգի յուրաքանչյուր քաղաքական գործչի:Գագիկ Ծառուկյանի դեպքում, կարծում եմ, արդեն ուշ է մտահոգվելը, մտածելը, հաշվարկելը: Հաշվարկել պետք էր դեռ իշխանափոխության կոչ անելուց առաջ, և եթե քաղաքական միտքը այդտեղ առկա լիներ, ապա հասկանալով, որ կամքը չի հերիքի մինչև վերջ գնալ և 2 օրից պետք է թակի ՀՀ նախագահի դուռը, Ծառուկյանը «համազգային մոբիլիզացիա» չէր հայտարարի:Այս ամենի մեջ, իհարկե, մի դրական բան էլ պիտի արձանագրեմ. դա այն է, որ Հայաստանի քաղաքական կյանքում թուլացավ լարվածությունը, ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ էլ կստեղծվի ավելի կայուն վիճակ, հնարավորինս զերծ կմնանք պառակտումներից:Կարեն ՎարդանյանOrer.am, վերլուծաբան