Դեռ 3 օր առաջ ոմանք ասում էին, թե ամբողջ ազգը եռյակի կողքին է և փետրվարի 20-ին հանարահավաքի է գալու` հեղափոխություն անելու՝ դրանով, փաստորեն, մեր փոխարեն էլ որոշելով և մեզ էլ կցելով եռյակին: Ոմանք էլ ավելի համեստ գտնվեցին և ամբողջ ազգին վերագրելու փոխարեն ընդամենը կլորիկ թվեր էին հնչեցնում, ասենք` 50 հազար, կամ 70 հազար, կամ 100 հազար մարդ:
Սա էլ, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից էր, բայց դե մարդիկ իրավունք ունեն արտահայտելու իրենց ցանկությունները: Իսկ այսօր արդեն լռություն է, ոչ միայն 50 հազար, այլ նույնիսկ ընդամենը հազար մարդու վարկածը չի շրջանառվում, որովհետև հասկանալի է, որ եռյակը վերջացավ, իսկ ամսի 20-ին լավագույն դեպքում կլինի Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ թե «հանրա», այլ մանրահավաքը, և այդպիսով պատմության այդ էջն էլ կփակվի:
Անհասկանալի է ուղղակի, թե ինչ է ընդհանրապես Րաֆֆի Հովհաննիսյանն ակնկալում այդ օրը հանրահավաք անցկացնելու որոշմանը հավատարիմ մնալով, որ ցույց տա, թե հավատարիմ է իր գաղափարների՞ն, արժանանա Արևմուտքի ուշադրությա՞նը, թե՞ միգուցե, այնուամենայնիվ, մարդկանց ինչ-որ քանակություն կհավաքվի: Չեմ կարծում, թե Րաֆֆին նման հույսեր ունի, այլ ինձ թվում է, որ ինքն էլ է շատ լավ գիտակցում, որ հանրահավաքի արդյունքը զրոյական է լինելու, իսկ հերթական հացադուլ հայտարարելը վաղուց արդեն արդիական չէ, նույնիսկ աղոթելու գնալն արդեն ծիծաղելի էլ չէ: Արդիական չէ նաև «բադասխան» ուզելը: Ես ավելի հակված եմ այն մտքին, որ «Ժառանգության» առաջնորդը պարզապես ուզում է ցույց տալ, որ ինքը իր սկզբունքներին չի դավաճանում՝ ի տարբերություն եռյակի մյուս երկու լիդերների: Սակայն դա էլ արդեն դժվար թե որևէ մեկին հետաքրքրի:
Այսպիսով, «եռյակ» պրոյեկտը, կարելի է ասել, մոտեցավ իր վախճանին, սպառվեց: Իհարկե, եռյակի բաղադրիչներն առանձին կշարունակեն գոյատևել քաղաքական դաշտում, իսկ թե որը ինչ կարգավիճակում՝ ժամանակը ցույց կտա: Համենայն դեպս, ինձ թվում է՝ ընդդիմադիր դաշտում էական փոփոխություններ ու վերադասավորումներ են սպասվում:
Կարեն Վարդանյան