Ընդդիմադիր եռյակի տապալումը կարելի է համարել ոչ թե Հայաստանի ընդդիմադիր դաշտի վերջը, այլ այդ դաշտի վերադասավորման սկիզբը: Հասկանալի է, որ առանց ընդդիմության մնալ հնարավոր չէ, քանի որ նույնիսկ ամենալավ իշխանությունների դեպքում միշտ էլ կլինի իշխանություններից դժգոհ զանգված և այդ զանգվածն իր շահերն արտահայտող քաղաքական ուժի կարիքն ունի: Որո՞նք են լինելու այդ ուժերը:
Հասկանալի է, որ ինչպես եռյակը` որպես միություն, այնպես էլ եռյակի անդամ 3 ուժերն առանձին վերցրած, վերջին տարիներին վարկանշի այնպիսի կորուստ են ունեցել, որ դժվար թե նրանցից յուրաքանչյուրը, թեկուզ առանձին, կարողանա ընդդիմադիր դաշտում դերակատարություն ունենալ: Նույնը կասեի ՕԵԿ-ի մասին, իսկ ՀՅԴ-ին իր այսօրվա վիճակով ես ընդդիմություն չէի անվանի: Փաստորեն, դաշտում որպես դերակատար մնում են Նիկոլ Փաշինյանն՝ իր «Քաղաքացիական պայմանագրով» և Ժիրայր Սեֆիլյանն՝ իր «Հիմնադիր խորհրդարանով»: «Հիմնադիր խորհրդարանի» վարկանշի աճի միտում չեմ տեսնում, քանի որ ակնհայտորեն Արևմուտքի պատվեր կատարող այս կառույցի բռնած ուղին ավելի բացասական ընկալում ունի հանրության մեծ մասի կողմից, իսկ ապրիլի 24-ին նախատեսված խայտառակ միջոցառումից հետո, կարծում եմ, Սեֆիլյանն ու «Հիմնադիր խորհրդարանը» կհայտնվեն շատ ավելի տխուր վիճակում, քան հիմա եռյակն է:
Այսինքն, ինչպես տեսնում ենք, ընդդիմադիր հարթակը մեխանիկորեն մնում է Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագրին»: Այս կառույցի համար ընդդիմադիր դաշտում առաջընթացի և իր շուրջ ընդդիմադիր այլ ուժերին համախմբելու նախադրյալներ եմ տեսնում: Չնայած, հաշվի առնելով, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դեռևս ոչ այնքան ակտիվ է գործում՝ առայժմ դժվար կլինի կանխատեսել, թե ինչ ընթացք կունենա այս ուժի գործունեությունը, քանի որ շատ բան կախված կլինի նաև կիրառվելիք մարտավարությունից և հետագա ճիշտ կամ սխալ քայլերից:
Այստեղ, իհարկե, մնացին նաև գրպանային՝ «մեկուկես անդամանոց» կուսակցությունները, ինչպիսիք են՝ Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգությունը» կամ Արամ Հարությունյանի «Ազգային համաձայնությունը» և այլոք, սակայն դրանց անդրադառնալն արդեն իսկ անիմաստ է, քանի որ, ինչպես ասացի՝ նրանք գրպանային են և լավագույն դեպքում կարող են դառնալ որևէ ավելի խոշոր կուսակցության մանր կցորդ:
Մի հանգամանք էլ վերջում եմ ուզում շեշտել, որ ԲՀԿ-ն` գրպանային իր կուսակցություններով, փաստորեն, ճանապարհ էր հարթում շարքային ընդդիմադիր դարձած հերթական նախկին նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար: Եվ ելնելով վերջին իրադարձություններից և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակից՝ կարելի է ասել, որ շարքային ընդդիմադիր Քոչարյանի վերադարձի շանսերը զգալիորեն քչացան:
Կարեն Վարդանյան