ԼՏՊ-ն ասաց իր սրտի խոսքը, որը երևի տարիներով կուտակվել էր իր մեջ և խեղդում էր. կատարեց «սրտի պարտքը», որը ոչ միայն իր և Ծառուկյանի քաղաքական մահախոսականի շարադրանքն էր՝ Ծառուկյանի փաստաբանություն կատարելու անհաջող ակտի միջոցով, այլ նաև եռյակի տապալման ողջ մեղավորությունը ընդհանուրի փոխարեն ընդամենը մի շարք ընդդիմադիր գործիչների ու վերլուծաբանների վրա բարդելն ու ոմանց «փուռը տալն» էր:
Իսկ «փուռը տրվեցին» ԲՀԿ-ական հայտնի կայքերի հայտնի վերլուծաբանները, ԼՏՊ-ին ու Ծառուկյանին ջանասիրաբար քննադատող և ձեռ առնող Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, արևմտամետները, ԼՏՊ-ի ասած «մարգինալները»: «Փուռը տրվեց» նաև օսկանյանական հայտնի գրանտասուն կայքը, որը ամսի 20-ի հանրահավաքի չեղյալ հայտարարվելուց հետո կտրուկ փոխել էր կուրսը և լծվել Ծառուկյանին «փչացնելու» գործին:
Այսպիսով, ԼՏՊ-ն գտավ մի շարք մեղավորներ, ավելի շուտ՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից և Ծառուկյանից: Այնպես չէ, իհարկե, որ ԲՀԿ-ական վերլուծաբանների խումբը մի օր այս բախտին չէր արժանանալու, քանի որ անազնիվ գործելաոճն, ամեն դեպքում, բերում է նման ելքի: Անխուսափելի էր նաև Ծառուկյան-ԼՏՊ զույգի քաղաքական վախճանը:
Այստեղ հետաքրքիր էր մեկ այլ հանգամանք. ԲՀԿ-ական կայքերից մեկում ԼՏՊ-ի սրտի խոսքի հրապարակումից մոտ մեկ ժամ առաջ հրապարակվել էր մի հոդված` «Քաղաքական կյանքը Գագիկ Ծառուկյանի որոշումից առաջ և հետո» վերնագրով, որում ԼՏՊ-ն ներկայացվում է որպես «30 արծաթով վաճառվող վաշխառու», իբրև թե հանուն ազգի և պետական շահի պատրվակով «էժանագին գործարք կնքող», և որը փաստացի ԼՏՊ-ի մեղադրանքների պատասխանն է վերլուծաբանների այդ խմբի կողմից: Ուղղակի հետաքրքիր է, որ պատասխանը հաջորդելու փոխարեն նախորդել է: Սա նշանակում է, որ այս երկու խմբերի միջև կոնֆլիկտն արդեն հասունացած է եղել այնքան, որ ԲՀԿ-ական վերլուծաբանները նույնիսկ իմացել են, որ շուտով իրենց «փուռն են տալու» և որոշել են նախահարձակ լինել:
Այսպիսով, էժանագին շոուն շարունակվում է, և եզրակացություններիցս մեկն այն է, որ Հայաստանում ոչ թե կա ընդդիմության ընդդիմություն, այլ՝ ոչ իշխանական բոլոր ուժերն էլ իրենց հերթին ընդդիմության ընդդիմություն են և առաջին հերթին պայքարում են իրար դեմ՝ ընդդիմադիր դաշտում դիրք գրավելու համար, որպեսզի հետո էլ այդ դիրքում ամրանալով շանս ստանան իրականացնելու իրենց բաղձալի երազանքը՝ իրենց իսկ կողմից քննադատվող իշխանության մաս կազմելը: Սա կրկին վկայում է մեր ընդդիմության գաղափարազուրկ լինելու մասին:
Կարեն Վարդանյան