Դեռ օրեր առաջ ոչ իշխանական երեք ուժերը հայտարարեցին փետրվարի 20-ին անցկացվելիք համազգային հանրահավաքի մասին, որը սակայն որոշ ժամանակ անց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չեղյալ հայտարարեց:
ԲՀԿ-ի այս հայտարարությունը փոխեց քաղաքական օրակարգը, սակայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց.
«Ես Ազատության հրապարակում եմ լինելու, եւ ինձ բացակա չդնեք»,- ասաց եւ ներկա գտնվեց:
Ի դեպ, հրավիրված ասուլիս-հանրահավաքի ընթացքում «Ժառանգության» ղեկավարը հայտարարեց քաղաքական եռյակի փլուզման մասին:
Նկատենք, որ Ազատության հրապարակում էին գտնվում նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, նույն խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ այլոք:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Orer.am-ի հետ անկեղծանալով, նշեց, որ չի եկել սատար կանգնելու Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ պարզապես անցել ու տեսել է՝ հուսալքված մարդիկ են հավաքված եւ միացել է.
«Այսօր ես պարզապես եկա այստեղ ու տեսա, որ մարդիկ հուսահատ վիճակում են, առանց դրոշի էլ եկել են մարդկանց հետ հանդիպելու, ծիծաղելի է, չէ՞: Տեսանք, որ դրոշներ չկան, մարդկանց հետ դրոշներով եկանք ու տեսնում եք՝ Հայաստանի դրոշի կողքին ծածանվում է նաեւ քաղաքակրթության դրոշը»,-նկատենք, որ քաղաքակրթության դրոշ ասելով՝ Հայրիկյանը նկատի ուներ ԵՄ-ի դրոշը:
Անդրադառնալով չեղյալ հայտարարված հանրահավաքին՝ ԱԻՄ առաջնորդը նշեց. «Իրենք կարող են ասել, թե ինչու չեղյալ հայտարարեցին այսօրվա հանրահավաքը: Անկեղծ ասած՝ իրենց պատճառաբանություններն ինձ համար տրամաբանական չեն, որովհետեւ իրենք երեխա չեն, որ հանրահավաքի անցկացման մասին հայտարարություն տարածելուց հետո միայն կարողանան հասկանալ, որ դա հնարավոր է վտանգավոր լիներ: Վերջին հաշվով մեծ մարդիկ են, եթե մեկ բան որոշում են, ուրեմն պետք է իմանան, թե ինչի համար են դա անում»:
Ի հակադարձում Հայիկյանին, դրոշներ չբերելու հետ կապված մեղադրանքին, «Ժառանգություն» խմբակցության առաջնորդը նշեց.
«Ճաշակին ընկեր չկա: Պետք է նշեմ, որ սա հանրահավաք չէր, սա մամլո ասուլիս էր, եւ հետո ի գիտություն Հայրիկյանի՝ ես չեմ կարծում, որ դրոշի առկայությունը պարտադիր եւ անհրաժեշտ տարր է, եթե մարդիկ կան, որ գտնում են, թե ասուլիսին պետք է դրոշներ լինեն՝ ի՞նչ ասեմ, դա իրենց գործն է»:
Իսկ նույն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հավելեց. «Մենք գիտենք, որ Հայրիկյանն առանց դրոշի երբեք չի գալիս, ինչ խնդիր, թող ինքը բերեր, եւ հետո սա ոչ թե հանրահավաք էր, այլ ասուլիս»:
Սոսե Չանդոյան