Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ակնկալում է Լատվիայի օգնությունը պաշտոնական Մինսկի և ԵՄ-ի հարաբերությունների կարգավորման հարցում: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Այս տարվա առաջին կիսամյակում Լատվիան նախագահում է ԵՄ-ում:
«Եթե Լատվիան օգնի մեզ ավելի շատ մերձենալ ԵՄ-ին, ԵԽ-ում իր նախագահության ժամանակաշրջանում և ոչ միայն, մենք շատ շնորհակալ կլինենք»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ հանդիպման ընթացքում:
Նախագահը նշել է Բելառուսի համար արևմտյան տեխնոլոգիաների և ֆինանսական ռեսուրսների կարևորությունը, որոնք երկիրը կարող է գրավել տարբեր նախագծերով: Բացի այդ, նա նշել է, որ բելառուսական արտաքին քաղաքականությունում «հարևանները թիվ մեկ հարցն են»:
«Եթե մենք նորմալ հարաբերություններ ունենանք հարևանների հետ, ապա մենք կկարգավորենք հարաբերությունները հեռավոր գործընկերների հետ»,- հայտնել է Լուկաշենկոն: