Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը փետրվարի 20-ին տեսակետ հայտնեց, որ մարդիկ հիասթափված են քաղաքական զարգացումներից,- հայտնում է Orer.am-ը:
Ըստ փորձագետի՝ այդ պարագայում օգուտը այն է, որ հնարավորություն եղավ հասկանալ, թե ինչպիսի քաղաքական գործիչների հետ գործ ունենք: Պարոն Նավասարդյանը նաև գտնում է, որ հայաստանյան քաղաքական շրջանակներում հասկացան, որ Ռուսաստանում շահագրգռված չեն մեր երկրում իշխանափոխությամբ: Նավասարդյանը հավելում է, որ իշխանափոխության հարցերի սրացումը ձեռնտու չէ նաև օլիգարխիային, քանի որ եթե սեպ է խրվում նրանց մեջ, ապա դա լավ չէ համակարգի համար:
Բ. Նավասարդյանի տեսակետով՝ առաջատար քաղաքական ուժերը եկան այն եզրահանգման, որ մինչև ապրիլի 24-ը ներքաղաքական իրավիճակը սրելը կարող է բերել հասարակության հակակրանքին: Պարոն Նավասարդյանը նաև նշեց, որ պետք է փոխել հասարակություն-քաղաքական վերնախավ հարաբերությունները և դադարել հավատալ փրկիչներին:
«Քաղաքական վերնախավի մեջ փրկիչներ տեսնելու սպասելիքները այլևս արդարացված չեն: Փրկիչ չի լինելու: Քաղաքական դաշտի գործիչները, նախևառաջ, լուծում են իրենց խնդիրները, իրենց շահերը, իրենց հարցերը, որոնք միանգամային չեն համապատասխանում ժողովրդի խնդիրների, շահերի, հարցերի հետ»,- նշել է նա:
Լևոն Փանոսյան