Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնաբանել է ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքի անկման շուրջ ստեղծված իրադրությունը և հավաստիացրել քաղաքացիներին, որ իրադրությունը հսկողության տակ է և խուճապի մատնվելու պատճառներ չկան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
«Մենք մանրակրկիտ պլան ենք մշակել, որը նպատակամղված է լարիի փոխարժեքի շուրջ ստեղծված իրադրության շուտափույթ կայունացմանը: Բացի այդ, մենք մի շարք հետաքրքիր առաջարկություններ ու մեխանիզմներ ունենք երկիր նոր ներդրումներ ներգրավելու համար»,- ասել է վարչապետը, որի հայտարարությունը տարածել է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Ղարիբաշվիլիի խոսքով՝ տարածաշրջանի իրադրությունն ու իրադարձությունները բացասաբար են ազդում լարիի փոխարժեքի վրա, սակայն Վրաստանի կառավարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկել իրադրությունը շտկելու համար:
«Ընդհանուր առմամբ տարածաշրջանը բարդ տնտեսական վիճակում է, որը, մասնավորապես, ստեղծվել է Ուկրաինայում և Եվրոպայի մի շարք երկրներում: Վրաստանն իր ոչ մեծ տնտեսությամբ կախված է գլոբալ գործընթացներից: Բնական է, որ այդ գործընթացները բացասաբար են անդրադառնում մեր ազգային արժույթի փոխարժեքի վրա»,- նշել է վարչապետը:
«Խնդիրը լուծելու համար իմ հանձնարարությամբ կառավարության թիմը այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է կատարում: Մենք օրական աշխատում ենք 24 ժամ՝ մեր քայլերը համաձայնեցնելով Վրաստանի ազգային բանկի նախագահի հետ»,- ասել է Ղարիբաշվիլին:
Վրաստանի վարչապետը նաև հայտնել է, որ քաղաքացիների «գրպանների» և ֆինանսական ընդհանուր իրադրության վրա ազգային արժույթի փոխարժեքի անկման բացասական ազդեցության կապակցությամբ կառավարությունը պատրաստ է կրճատել վարչական ծախսերը: