ԱԺ-ում երեկ տեղի ունեցած զավեշտալի դեպքերից ու տեսարաններից հատկապես ուշադրությունս գրավեցին երկուսը: Առաջինը` ԱԺ նիստը բոյկոտելու մասին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի բոցաշունչ հայտարարությունն էր: Սա այն դեպքն է, երբ բոյկոտում են բոյկոտվածները:
Այսինքն` ԲՀԿ-ին բոյկոտել է իշխանությունը, բոյկոտում է հասարակության ընդդիմադիր հատվածի մի զգալի մասը և շարունակում է բոյկոտել, իսկ իրենք էլ` ի պատասխան այդ ամենի, ԱԺ նիստ են բոյկոտում: Եվ այստեղ արժի հարցնել, որ հարգելի Նաիրա Զոհրաբյան, ախր բոյկոտում եք, որ ի՞նչ անեք, կամ ու՞մ է այսօր արդեն հետաքրքիր Ձեր բոյկոտը, կամ ո՞վ է ընդհանրապես հուզվելու Ձեր բոյկոտից:
Զավեշտ...
Մյուս զավեշտը. ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը երևի մի պահ մոռանալով, որ իրենց քաղաքական մահկանացուն օրերս է կնքվել, բավականին լուրջ տոնայնությամբ խոսեց այն մասին, որ իրենք Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը համարում են կարևորագույն հարց, բայց, միևնույն է, չեն ընդունում և չեն պատրաստվում կողմ քվեարկել Փաշինյան Նիկոլի նախաձեռնությանը, որովհետև Փաշինյանն այդ նախաձեռնությունն իրենց հետ չի համձայնեցրել կամ էլ երևի ուզում էին ասել՝ իրենցից թույլտվություն չի վերցրել նման նախաձեռնություն ունենալու համար: Ես չգիտես ինչու համոզված եմ, որ ԱԺ դահլիճում այդ պահին շատերն էին զսպում իրենց ծիծաղը:
Ամերիկյան միստիկ-սարսափ ոճի ֆիլմերում այսպիսի մի տարածված մոտիվ կա, որ նոր մահացածների ոգիները սկզբնական շրջանում դեռ չեն հաշտվում այն մտքի հետ, որ իրենք արդեն չկան. նրանց թվում է, թե դեռ ողջ են: Հարգելիներս, ձեր գնացքն արդեն գնացել է, ժամանակն է, որ սթափվեք և նկատեք իրականությունը:
Ես պարզապես չեմ կարողանում հասկանալ, թե մինչև ուր է պատրաստվում իջնել մեր՝ արդեն նախկին ընդդիմությունը, զավեշտի մինչև որ աստիճանին է ուզում հասնել, որ ի վերջո հասկանա` քաղաքականությունից իրենց հեռանալու ժամանակն է, պարտիան ավարտված է, իսկ իրենք էլ պարտված կողմն են:
Կարեն Վարդանյան