Փետրվարի 20-ին Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ «եռյակ» այլևս գոյություն չունի. արդյո՞ք դա քաղաքական երեք ուժերի պաշտոնական հայտարարությունն էր, որը պարզապես հնչեց Ր. Հովհաննիսյանի շուրթերով, արդյո՞ք «եռյակի» անդամները տեղյակ են, թե հետագայի համար ԲՀԿ-ն ինչ քայլեր է մշակում, այս եւ կարեւոր այլ հարցերի շուրջ Orer.am-ը զրուցեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հետ:
-Գիտեք, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ մենք «եռյակում» ենք: Մենք տեր ենք այն սկզբունքներին, որոնք ունեցել ենք այս համագործակցության ընթացքում եւ տեր ենք փետրվարի 20-ին արված հայտարարությանը: Բայց քանի որ իրավիճակն այնպես ստացվեց, որ երեք քաղաքական ուժերն այս ընթացքում համագործակցության հնարավորություն չունեցան (շատ կարեւոր էր, որ երեք քաղաքական ուժերը կարողանային ի մի գալ), ուստի Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես արձանագրեց փաստը, բայց դա չի նշանակում, որ այլեւս մեր համագործակցությունն ավարտված է: Կգա ժամանակ եւ բոլոր հարցերի պատասխաններն ավելի հստակ կլինեն. այդպես եմ ասում, քանի որ այս պահի դրությամբ մենք ԲՀԿ անդամներից եւ նրանց քայլերից տեղյակ չենք:
-Քաղաքական «եռյակը» նախապես չէ՞ր հաշվարկել հնարավոր զարգացումները, չէի՞ք քննարկել այն հանգամանքը, որ կարող էր վտանգվել խոշոր գործարարի, այսպես կոչված, ունեցվածքը:
- Իմ վերջնական գնահատականը ես կտամ, երբ այս ամբողջ ընթացքի նրբություններին ծանոթ լինեմ: Մենք, իհարկե, խոսել ենք այն մասին, որ կարող են նաեւ նման տարբերակներ լինել: Անկեղծ ասած, մենք նաեւ տարբերակ ունեինք մշակած, թե իշխանության նման ճնշումների դեպքում ինչպես պետք է վարվենք, բայց քանի որ տեղյակ չենք, թե ինչպես տեղի ունեցավ այս ամենը, եւ ով իրականացրեց այդ սցենարն ու ինչ զրույցներ, բանակցություններ տեղի ունեցան, դրա համար կդժվարանամ փակագծերը բացել:
-Կարելի՞ է ասել, որ այս պահի դրությամբ ընդդիմություն այլեւս գոյություն չունի:
-Բնականաբար ժամանակ է պետք, որ վերարժեվորենք կամ գնահատենք այն, ինչ տեղի ուեցավ, ես փիլիսոփայորեն եմ նայում այս հարցին: Կարծում եմ, որ այսօրվա դերակատարները, լիդերները կարող են փոխվել, տեսնում եմ միացյալ հարթակ ձեւակերպելու պոտենցիալ, չեմ կարծում, որ Հայաստանը կշարունակի այսպես գնալ դեպի անդունդ: Պետք է նշեմ, որ ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը, երբեք չի մեռնում, պարզապես լինում են գործընթացներ, որոնք երբեմն դուրս են գալիս օրենքի շրջանակներից, բայց, միեւնույն է, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը շարունակում են իրենց գործառույթները: Իմ նպատակն այն է, որ այդ գործողությունները բանականության շրջանակում լինեն, եւ մենք կարողանանք միասնական դուրս գալ այս իրավիճակից: Եթե այսօր քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները օգտվում են իրավիճակից` ամեն ինչ բարդելով ընդդիմության վրա, ապա այս ամենը ցույց է տալիս այն, որ մեծամասնությունը քաղաքականությամբ չի զբաղվում:
Սոսե Չանդոյան