Եռյակում Րաֆֆի Հովհաննիսյանը «խորթ եղբոր» կարգավիճակ ուներ. Պետրոս Մակեյան
PoliticsԱյսօր լրագրողներին է հանդիպել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը,- հայտնում է Orer.am-ը: Ըստ Մակեյանի՝ ՀՀԿ-ԲՀԿ բախումը և հետագա սրացումները բերեցին ոչ իշխանական ուժերի կապիտուլյացիայի: Բանախոսը հիշեցնում է, որ բուրժուադեմոկրատական հեղափոխության գաղափարը կար դեռ 2011 թվականին, որը առաջ էր բերել Լևոն Տեր-Պետրոսյանը: Գործիչը հավելում է, որ բուրժուադեմոկրատական կառույցի ողնաշարը միս ու արյուն ստացավ 2012 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ: «Մենք այն ժամանակ էլ էինք ասում` հնարավոր չէ, որ ՀՀ իշխանության պարագայում օլիգարխը դուրս գա իշխանությունների դեմ:Շատերը մեզ համարում էին իշխանության մարդիկ, Սերժի մարդիկ, բայց իրականում տեսանք այն, ինչ տեսանք: 2014 թվականի աշնան գործընթացները, կարծես թե, գնում էին իրենց շահեկան ուղղությամբ: Երկու հանրահավաքից հետո, կարծում եմ, Սերժ Սարգսյանի հրահանգով, հանրահավաքները դադարեցվեցին: Բայց եթե եռյակը որոշեր շարունակել հանրահավաքները, ապա հնարավոր է` զարգացումները տանեին իշխանափոխության»,- նշեց Պետրոս Մակեյանը: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը այն համոզմունքն ունի, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը կարող էին հաղթել, բայց հաղթեց նա, ով ավելի ակտիվ էր գործողությունների մեջ: «Երբ փետրվարի 14-ին, 15-ին եռյակը որևէ քայլ չկատարեց, պարզ դարձավ, որ այս մրցակցության մեջ իշխանությունն ունի առավելություններ: Փետրվարի 18-ին Գագիկ Ծառուկյանն ընդունեց կապիտուլյացիան, հետո եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը, որտեղ անուղղակի մեղադրանք էր ներկայացվում ԲՀԿ-ի նկատմամբ»: Մակեյանի խոսքով՝ ԲՀԿ-ի մեղքն այն էր, որ խոսեց շարժման շտաբների մոբիլիզացիայի մասին: Քաղաքական ուժերը պետք է նաև կարողանան հաշվարկ անել. պետք է հաշվի առնվեր Լևոն Տեր-Պետրոսյանի 2008 թվականի շարժման փորձն ու Րաֆֆի Հովհաննիսյանի 2013 թվականի հետընտրական փորձերը. իրենք պետք է հաշվարկեին, որ իշխանությունը շատ արագ է գործելու: Պետրոս Մակեյանը շեշտեց, որ շարժման ձախողման մեջ որքան Գագիկ Ծառուկյանն է մեղավոր, այնքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանն ու, ինչ-որ չափով, Րաֆֆի Հովհաննիսյանը, ով եռյակում «խորթ եղբոր» կարգավիճակ ուներ:
Լևոն Փանոսյան