Փետրվարի 22-ին թուրքական «Զաման» պարբերականը տարածել էր տեղեկատվություն, համաձայն որի` Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի միջոցառումները հետաձգվում են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս հրապարակմանն է անդրադարձել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը,- տեղեկացնում է Orer.am-ը:
Թուրքագետը նյութի բովանդակությունը համարել է կասկածելի և հավելել, որ տեղեկատվությունը հետագայում որևէ կայքում չի արտատպվել: Անդրանիկ Իսպիրյանը շեշտեց այն փաստը, որ նյութի հեղինակ լրագրողն ազգությամբ ադրբեջանուհի է, ով ադրբեջանական մի հեռուստաընկերությունից նոր է տեղափոխվել թուրքական լրատվամիջոց:
Բանախոսը չմոռացավ շեշտել նաև այն կարևոր հանգամանքը, որ «Զաման» պարբերականը պատկանում է Էրդողանի հակառակորդ Գյուլենին:
Խոսելով Հայաստանի նախագահի կողմից հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու մասին՝ Իսպիրյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիային այդ փաստը չի հետաքրքրում, քանի որ դրանից հետո պաշտոնական Անկարան հանդես չեկավ հայտարարությամբ:
Թուրքագետը վկայեց, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո թուրքական կողմից հնչել է 2 կարծիք՝ ի պատասխան լրագրողների հարցերին։
«Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել էր, թե Հայաստանի քայլը համարում է ապակառուցողական, իսկ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանի քայլին ընդհանրապես գնահատական չէր տվել՝ պնդելով, թե քանի դեռ «ադրբեջանական հողերը զավթված» են` արձանագրությունների վավերացման մասին լինել խոսք չի կարող»,-ասաց նա:
«Թուրքական կողմից Հայաստանի որոշմանը ի պատասխան՝ պաշտոնական հայտարարության չտարածելը վկայեց, որ Թուրքիային էլ չեն հետաքրքրում արձանագրությունները և դրանք ժամանակին ստորագրվել էին ցուցադրական նպատակներով»,- եզրափակել է Իսպիրյանը:
Լևոն Փանոսյան