ՀԱԿ-ը ԱԺ-ում տեղի ունեցած ճակատամարտում` ի դեմս Լևոն Զուրաբյանի, խայտառակ պարտություն կրելով՝ հիմա էլ անցել է հեռվից խփելով պարտիզանական կռիվների՝ գործի դնելով իր լրատվամիջոցներին ու վերլուծաբաններին:
Չէ, խոսքս այն վերլուծաբանների մասին չէ, որոնց մասին իր հոգեվարքային ելույթներից մեկում ակնարկում էր ԼՏՊ-ն: Նրանք ԲՀԿ-ական վերլուծաբաններն էին և այլ «գծի» վրա էին, իսկ ՀԱԿ-ի լրատվամիջոցները միանգամայն «զուրաբյանական գծի» վրա են, և բնական է, որ Զուրաբյանի խայտառակությունից հետո նրանց առաջին թիրախը պետք է լիներ Նիկոլ Փաշինյանը:
Ես Նիկոլ Փաշինյանի կողմնակիցը երբևէ չեմ եղել և չեմ էլ պատրաստվում լինել, ավելին՝ բացարձակապես չեմ կիսում նրա հայացքները, բայց այն, ինչ նրա դեմ ձեռնարկում են ՀԱԿ-ականները, համարում եմ մարդու վրա «կեղտ բռնելու» ոչ այնքան հաջող փորձ: Հատկապես զավեշտալի է, երբ նման բան փորձում է անել մի քաղաքական ուժ, որի ամբողջ տխուր անցյալը լի է հանցագործություններով, թալանով, ձախողումներով, ապաշնորհության դրսևորումներով և խայտառակ պատմություններով: Ինչևէ, չեմ ուզում մանրամասն անդրադառնալ Փաշինյանի մասին «բազմահատոր» հրապարակումներին, քանի որ ես, ընդհանրապես, ընթերցողիս երկարաշունչ ու ձանձրալի տեքստեր մատուցելու կողմնակիցը չեմ:
Մեկ այլ հանգամանք եմ ուզում շեշտել. ՀԱԿ-ի պատգամավորները, ակտիվիստները, վերլուծաբանները, որպես կանոն, իրենց քննադատության թիրախ դարձրած գործիչներին ու ուժերին անվանում են «ընդդիմության ընդդիմություն» և, իբրև թե, այդ հիմնավորմամբ հարձակվում վերջիններիս վրա: Բայց եթե ուշադիր նայենք նրանց գործունեությանը, ապա կտեսնենք, որ իրականում ընդդիմության ընդդիմությունը հենց իրենք են: Այսինքն, իրենք իրենց հույս են տվել, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտում իրենք մենաշնորհ ունեն, իսկ մնացածները, ովքեր հանդես են գալիս ընդդիմադիրի դիրքերից՝ առանց ՀԱԿ-ի հետ ինչ-որ դաշինքի մեջ լինելու կամ ՀԱԿ-ին փող տալու, կերակրելու (ԲՀԿ-ի ականջը կանչի), «կեղծ ընդդիմություն» են՝ «ընդդիմության ընդդիմություն»: Ուղղակի սպանիչ տրամաբանություն է, չէ՞:
Բայց շուտով այս ամենը կլինի անցյալում, քանի որ ինչպես արդեն նշել էի նախորդ հոդվածումս, ՀԱԿ-ի մոտ հիմա այն փուլն է, որը օրինակ՝ թռչուններից կարապի կյանքում համապատասխանում է սատկելուց առաջ վերջին երգին: Քաղաքականության մեջ այդ փուլը ինչ-որ ժամանակ է տևում: Հիմա այդ ժամանակն է:
Կարեն Վարդանյան