Դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանը ծնվել է 1981թ. հուլիսի 25-ին, Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: 2006թ. ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանի ստուդիան և սկսել է աշխատել Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան: Նկարահանվել է «Քրմուհի», «Ալա Բալա Նիցա» և այլ ֆիլմերում, «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «No comment» և այլ հումորային նախագծերում, հոլովակներում: Ռադիոյում վարում է «Բարի առավոտ» հաղորդումը: Խաղացել է «Կաբառե», «Արմմագեդոն», «Նազար, Նազար, մինչև վերջ» և այլ ներկայացումներում: 2011թ-ից «Արմենիա» հեռուստաընկերության «32 ատամ» հումորային նախագծի դերասան է: 2011թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է շնորհակալագրով:
Orer.am-ի հետ բացառիկ հարցազրույցում Ռաֆայել Երանոսյանը խոսում է Երևանի Կամերային թատրոնի նոր նախագծերի, նկարահանումների ժամանակ ստացած վնասվածքների և ԱՄՆ մեկնելու դրդապատճառների մասին:Ռաֆայել, հանդիսատեսը քեզ ծանոթ է բազմաթիվ ֆիլմերից, նախագծերից, «Կարգին սերիալից» և այլն: Սակայն դու հայտնի ես նաև որպես իմպրովիզային դերասան, հատկապես Կամերային թատրոնում: Ինչպես է քեզ հաջողվել պահպանել «կամերայինությունը» «Ժաննա դ՛Արկ» ֆիլմում, որը շուտով կներկայացվի հանդիսատեսի դատին:
Քանի որ Արա Երնջակյանի գլխավորած Կամերային թատրոնի թիմի անդամ եմ՝ արդեն իսկ ինձ համար հեշտ էր աշխատել այս ֆիլմում, որովհետև մենք միմյանց վաղուց ենք բացահայտել և կես խոսքից հասկանում ենք: Թե «Ժաննա դ՛Արկ», թե «Սկոտչ & whiskey» ֆիլմերում Արա Երնջակյանը կարողացել է բալանսի բերել ինպրովիզն ու ֆիլմի պարտադրված կանոնները: Այս ֆիլմերից հետո հանդիսատեսը ի դեմս ինձ կտեսնի բոլորովին նոր դերասան՝ անակնկալ լուծումներով և կերպարներով:
Չար լեզուները պնդում են, որ «Ժաննա դ՛Արկ» ֆիլմի նկարահանումները քեզ համար անվտանգ չեն եղել: Ի՞նչ է պատահել իրականում:
Նախ ուզում եմ ասել, որ հանդիսատեսը կինոթատրոններում տեսնելու է իսկապես նոր որակի, հրաշալի ֆիլմ: Իսկ ինչ վերաբերվում է Ձեր նշած միջադեպին՝ անշուշտ, ինչպես բազմաթիվ ֆիլմերի նկարահանումների ժամանակ, այս անգամ մենք ևս զերծ չմնացինք դրանից և ես ջարդեցի կողոսկրերս և ստացա բազմաթիվ այլ մարմնական վնասվածքներ: Իհարկե, եղել են նաև զավեշտալի դեպքեր, օրինակ՝ նկարահանումների ամբողջ ընթացքում, 20 օր շարունակ, ես կապված եմ եղել «սկատչով՛՛: Ամենակարևորը այն է, որ մեր նկարահանումները անցնում են այնպիսի ջերմ մթնոլորտում, որ որևէ միջադեպ չի կարող փչացնել մեր տրամադրությունը:
Դու հաճախ ես լինում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ամերիկաբնակ հանդիսատեսը քեզ քաջածանոթ է, այս անգամ ի՞նչը քեզ տարավ ԱՄՆ:
Գիտե՞ք, ամեն անգամ ԱՄՆ մեկնելիս և այնտեղ խաղալիս նույն զգացողություններն եմ ունենում, ինչ Հայաստանում. նույն ջերմությունը, նույն էմոցիաները, գումարած, իհարկե, կարոտը հայրենիքի նկատմամբ: Այս անգամ ԱՄՆ-ում մենք խաղալու ենք «Սկոտչ & whiskey» ներկայացումը, որը էներգիայով լի, տաք, լավատեսական կատակերգություն է, ներգրավված են սիրված, տաղանդավոր դերասաններ: Ուզում եմ առանձնահատուկ շեշտել, որ մեր հերթական ամերիկյան հյուրախաղերը կազմակերպել է «Global Arts» ընկերությունը, որը ԱՄՆ հայությանը հայտնի է ամենամասշտաբային միջոցառումների և նախագծերի իրականացմամբ՝ ի դեմս Կարպիս Թիթիզյանի, ումից անչափ շնորհակալ ենք, որ մշտապես մեր կողքին է: