Հոգեվարքի պահին մեռնողի աչքի առջև անցնում է իր ողջ ապրած կյանքը: Քաղաքական հոգեվարքի կամ սատկող կարապի վերջին երգի փուլում գտնվող ՀԱԿ-ը հիմա վերհիշում է իր գործունեության այն փուլերը, երբ ինքը սխալմամբ իրեն հավատացող զանգված ուներ, նույնիսկ կարողանում էր մեծ հանրահավաքներ անցկացնել:
Եվ ոչ միայն վերհիշում է, այլև փորձում է նաև վերապրել, համենայն դեպս, նման ցանկություն ունի: Խոսքս վաղվա հանրահավաքի մասին է, որը, կարծում եմ, ավելի շուտ կլինի մանրահավաք կամ էլ հանրահավաքի տնազ, քանի որ ՀԱԿ-ի գերինտելեկտուալ առաջնորդը վերջին տարիներին իր «քաղաքագիտական վերլուծություններով», ԲՀԿ-ի հետ իր սիրաբանություններով, իր` երբեմնի քննադատության թիրախ Ծառուկյանին աստվածացնելով, մինչև վերջ նրա փաստաբանությունն անելով, զուգահեռ էլ որոշ ԲՀԿ-ականների «փուռը տալով»` հասավ նրան, որ իրեն հետևող և հավատացող զանգվածը նվազեց, նվազեց` դառնալով մարդկանց մի փոքր խումբ:
Հիմա ՀԱԿ-ը նորից պատրանքի մեջ է, որն, իհարկե, կավարտվի վաղը: Խոստանում է հուժկու հանրահավաք, բայց ինչո՞վ: Չկա ԲՀԿ-ն, որը և՛ իրենց փողի ռեսուրսներ, և՛ իրենց հանրահավաքներին փողով մարդ բերողն էր, բացի այդ՝ ՀԱԿ-ի կողմից արժեզրկվել է մարտի 1-ի խորհուրդը: 2008-ի իրադարձություններից հետո մարտի 1-ը դարձավ ՀԱԿ-ի գլխավոր խաղաքարտը, Գագիկ Ծառուկյանն էլ՝ ԼՏՊ-ի կողմից հռչակվեց որպես իշխանությունների հանցակից և 10 զոհերի համար պատասխանատուներից մեկը: Հանցակից հռչակվեց նաև Վարդան Օսկանյանը: Եվ ահա, կարճ ժամանակ անց, ՀԱԿ-ը հայտնվեց այդ նույն Ծառուկյանի և Օսկանյանի կողքին՝ այդպիսով իսկ փակելով մարտի 1-ի հարցը: Իսկ ամենազավեշտալին այն էր, որ մինչև Ծառուկյանի՝ ՀՀ նախագահի դուռը գնալը, ՀԱԿ-ը նույնիսկ մարտի 1-ի միջոցառմանը ԲՀԿ-ի մասնակցության հույսեր էր փայփայում:
Այսքանից հետո էլ ի՞նչ հանրահավաք, էլ ի՞նչ ժողովուրդ: Բայց ոչինչ, ամեն մարդ վերջին ցանկության կամ գոնե վերջին երազանքի իրավունք ունի, կարապն էլ՝ իր վերջին երգի:
Կարեն Վարդանյան