ԲՀԿ-ն խոսեց եւ պատժվեց. ահա այսպես են բնութագրում ներքաղաքական վերջին իրադարձությունները մի շարք ընդդիմադիր պատգամավորներ: ԲՀԿ-ի քայլերի եւ իշխանության հակահարվածների մասին Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ: -Պարոն Ալեքսանյան, խոսակցություններ են պտտվում, որ Գագիկ Ծառուկյանին փորձում են ճնշել` խլելով նրանից իր ունեցվածքը. ի՞նչ կասեք այս մասին:
-Դրանք ավելորդ խոսակցություններ են ու հերյուրանքներ: Հետագայում մենք կտեսնենք, որ նման բան լինել պարզապես չէր կարող:
-Ամսի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելուց հետո, արդյո՞ք ժողովուրդը այսուհետ կվստահի ընդդիմությանը:
-Ընդդիմությունը շատ բազմագույն է, որի երանգները միայն ԲՀԿ-ով չի որոշվում: «Եռյակի» ուժերն ասում էին, որ իրենք միասին են, սակայն բազմաթիվ հարցերի շուրջ նրանք տարբեր կարծիքներ ունեն: Երբ իշխանափոխության հարցում ընդդիմադիրները միավորվում են, դա չի նշանակում, որ նրանք միշտ են միավորված: Կարծում եմ, որ անկախ նրանից, թե ԲՀԿ-ն ինչ դիրք կընդունի, այնուամենայնիվ, խնդիրները պետք է հստակ դրվեն, որ հասարակությունը նրանց հավատա: ԲՀԿ-ն ո՛չ իր կազմով, ո՛չ էլ լիդերով եւ անցած ուղով մեզանից լավը չի: ԲՀԿ-ն չէ այն ուժը, որը պետք է գա ու մեզանից իշխանություն ուզի: Այս գործընթացները, ցնցումները, ընդդիմադիր դաշտում փոփոխությունները դրական գործընթացներ կբերեն ընդդիմության համար: Ընդդիմադիրները կհամախմբվեն ու վերջնականապես կհամոզվեն, որ միայն հանրահավաքներով հարցերը չեն լուծվում: Քաղաքականությանը մոտ կանգնած մարդիկ լավ հասկանում էին, որ այս ընդդիմությունը չի կարող երկար եւ բարդ գործընթացների մեջ գոյատեւել, որովհետեւ, ինչպես ասացի, նրանց նպատակները տարբեր են:
-Այսինքն` ընդդիմություն կոչվածը ձեւական բնո՞ւյթ է կրում:
-Ոչ միայն ձեւական բնույթ է կրում, այլ ավելի վատ. նրանք թույլ չեն տալիս, որպեսզի ավելի լուրջ ընդդիմություն կազմավորվի:
-Ընդդիմությունը սովորաբար բարձրացնում է ժողովրդի խոսքը, նրա դժգոհությունը, արդյո՞ք այսօրվա մեր ընդդիմությունը Հայաստանին չվերաբերող հարցերի մասին է աղաղակում:
-Ընդդիմությունը պետք է լինի նախաձեռնող կողմ, նա սովորաբար դժգոհ մասսաների խոսքը պետք է կարողանա առաջ տանել եւ ղեկավարել դրանք: Երբ ասում են իշխանափոխություն ենք ուզում, դա ժողովրդի խոսքը չէ: Օրինակ` առեւտրականներն ու մյուսները երբեք չեն ասում՝ թող իշխանափոխություն լինի, նրանք պահանջում են, որ իրենց խնդիրները լուծվեն:
-Մի շարք ԲՀԿ-ական պատգամավորներ լքեցին եւ դեռ շարունակում են լքել կուսակցությունը, ի՞նչ եք կարծում` ինչո՞վ է դա պայմանավորված:
-Դա շատ բնական է: Գիտեք, որ մենք այսօր չունենք տնտեսական այն հարաբերությունները, որ գործարարն իրեն օրենսդիր դաշտում շատ ազատ զգա, այսինքն` այսօրվա մեր պատգամավորությունն ինքնապաշտպանության խնդիր է լուծում: Ես չեմ ընդունում, երբ շատ գործարարներ գալիս ու պատգամավոր են դառնում եւ համոզված եմ, որ որոշ ժամանակ հետո իրենք այլեւս չեն ցանկանա գալ պատգամավորության: ԱԺ-ում կան մարդիկ, որոնց բացի գործարար լինելու փաստից, նաեւ որպես բարեգործ կարելի է դիտարկել:
-Բարեգործներ, որոնք հարկեր չեն վճարում, այո՞: Այս կոնտեքստում չեք կարծում, որ ՀՀԿ-ում բարեգործները մի տեսակ շատ են:
-Հարկ մուծել-չմուծելու համար պայքարում են, դա իրոք խնդիր է, եւ միայն Գագիկ Ծառուկյանը չէ, որ այսօր որոշ հարկեր չի վճարում. մոտ երկու տարի առաջ Սամվել Ալեքսանյանի եւ ուրիշների հարկերն էլ են ստուգվել:
Սոսե Չանդոյան