Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում կայացավ ռուրյան դերբին. Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալել էր «Շալկե 04»-ին:
Հյուրերը մեկնարկային րոպեների ընթացքում լիովին վերահսկում էին գնդակի տեղաշարժը, սակայն չկարողացան արագ գոլ խփել: Մեկնարկից մոտ տասը րոպե անց նախաձեռնությունն իրենց ձեռք վերցրեցին Յուրգեն Կլոպի սաները, դորտմունդցիները մեծաթիվ գոլային հնարավորություններ ունեցան, սակայն առաջին կեսում այդպես էլ գոլեր չգրանցվեցին:
Երկրորդ խաղակեսում «Բորուսսիային» հաջողվեց հասնել կարևոր հաղթանակի, որում իր մեծ ներդրումն ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 78-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը, ով խաղին մասնակցում էր մեկնարկային րոպեներից, գնդակն ուղարկեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ անհաջող խաղաց Աոգոն, և գնդակը հասավ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին, իսկ վերջինս չվրիպեց:
Ընդամենը մեկ րոպե անց դաշտի տերերը խփեցին երկրորդ գոլը. երկարատև դադարից հետո իր երկրպագուներին ուրախացրեց Հենրիխ Մխիթարյանը, ում գոլային փոխանցում կատարեց Իլկայ Գյունդոգանը: «Բորուսսիային» հաջողվեց խփել նաև երրորդ գոլը. 86-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Մարկո Ռոյսը:
Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր
«Բորուսսիա Դորտմունդ»-«Շալկե 04»` 3:0
Գոլերը` Օբամեյանգ 78', Մխիթարյան 79', Ռոյս 86'