Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոհ է Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի` «Շալկե 04»-ի հետ խաղից (3:0): Ռուրյան դերբիիում Մխիթարյանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ ու արժանացավ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գովասանքին:
«Մեր կատարմամբ իսկապես հիանալի հանդիպում էր, կարծում եմ` մրցաշրջանի ընթացքում լավագույնը: Դեռ առաջին խաղակեսում սուպեր խաղ ցուցադրեցինք և մի շարք գոլային պահեր ստեղծեցինք: Ընդմիջումից հետո շարունակեցինք խաղալ նույն ոգով և արժանի հաղթանակ տոնեցինք:
Շատ շնորհակալ եմ Գյունդոգանին և բոլոր թիմակիցներիս, ովքեր հնարավոր դարձրեցին իմ գոլ խփելը: Զգում էի` այսօր ինչ-որ բան է լինելու, անչափ երջանիկ եմ»,-Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերված է «Բորուսսիայի» պաշտոնական կայքից: