Լուիս Էնրիկեյի գլխավորությամբ «Բարսելոնայի» խաղի մեջ սկսեց երևալ այն դինամիկան, որը վերջին անգամ տեսել էինք 2012 թվականին, հայտնում է Orer.am-ը:
Եվ փաստացի պաշտպանությունից արագ հարձակման անցնելով՝ Իսպանիայի փոխչեմպիոնի խփած գոլերը դեռ շատ չեն (Պրիմիերայում 5 կամ 6 գոլ), սակայն կարևոր է այն փաստը, որ կապտանռնագույնները երեք տարի անց կրկին փորձում են կիրառել նույն հնարքը: Հենց այդ տակտիկայի շնորհիվ էլ լինում է հաղթել այնպիսի սուպերհանդիպումներում, ինչպիսին էր օրինակ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ գավաթային հանդիպումը, որտեղ կատալոնացիները, 2 անգամ կայծակնային արագությամբ գրոհը զարգացնելով, հասան հաջողության: Ընդ որում, առաջին գոլի դեպքում, Մեսսին ու Սուարեսը ձևակերպեցին Նեյմարի մեն մենակ դուրս գալը դարպասապահի դեմ, ինչը Դիեգո Սիմիոնեյի դարաշրջանում «Վիսենտե Կալդերոնում» չտեսնված երևույթ էր: «Ատլետիկոն» երևի այն եզակի կոլեկտիվներից է, որը լավ է կարողանում վերահսկել դաշտի կենտրոնը ու խաղի պրագմատիկ տեմպը, ուստի հենց այստեղ է երևում Էնրիկեյի կատարած աշխատանքի որակը:
Էնրիկեյի մշակած մարտավարությունը սկսեց երևալ իր վարած սելեկցիոն քաղաքականության մեջ. նա ընտրում էր այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք ընդգծում են հենց այդ խաղային առանձնահատկությունը: Օրինակ, Ունայի Էմերիի «Վալենսիայում» երկար ժամանակ հանդես եկած Ժերեմի Մատյոն, որը հնարավորության դեպքում մրցակցին հետ էր թողնում տարածության վրա, Իվան Ռակիտիչը «Սևիլիայից» ուներ նման խաղաոճ:
Իսկ ինչ վերաբերում է Սուարեսին, ապա նրա ԱՊԼ լավագույն ռմբարկու դառնալը, նույնպես հաջողվեց դինամիկ ֆուտբոլ խաղալու շնորհիվ, որը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հիանալի կերպով համատեղել էր կոմբինացիոն ֆուտբոլի հետ: Իսկ Ռաֆինիայի անունը այս դեպքում ընդհանրապես պետք չէ հիշատակել, չէ որ նրան հենց Էնրիկեն իր հետ բերեց «Սելտայից»:
Հաջողության հասնելու համար 44-ամյա մարզիչը անընդհատ ռոտացիա էր կիրառում, որը դժգոհությունների տեղիք էր տալիս անխտիր բոլորի մոտ: Սակայն հանուն արդարության նշենք, որ ցանկացած մարզիչ, ով ցանկանում է, որպեսզի իր թիմը խաղա դինամիկ և ինտենսիվ ֆուտբոլ, պետք է և նույնիսկ անհրաժեշտ է, որ դիմի այդ քայլին. այսինքն օգտագործել այնքան ֆուտբոլիստ, ինչքան որ հնարավոր է, որպեսզի երկար պահպանել նման խաղային տեմպը: Կատալոնացիների վերջին ժամանակահատվածում կատարած վստահ քայլերը հաստատում են, որը Էնրիկեյի մշակած մարտավարությունը ճիշտ ուղու վրա է: Նույնիսկ Գվարդիոլայի գլխավորած տարիներին «Բարսելոնան» ձմռանը այսքան վստահ և թարմ չէր թվում:
Մյուս կողմից միանշանակ կարող ենք ասել, որ կատալոնացիների մարզչին պրոֆեսիոնալ տեսանկյունից գնահատական տալու ժամանակը դեռ չի եկել: Ճիշտ է՝ հիմա «Բարսելոնան» վերելք է ապրում, սակայն այդպես միշտ չի կարող լինել: Կլինեն հանդիպումներ, որտեղ ամեն դեպքում դժվար կլինի, ստիպված կլինեն զիջել իրենց մարտավարությունը, որտեղ էլ կերևա երիտասարդ մարզչի պրոֆեսիոնալիզմը: Այդ ամենը թերևս ի հայտ կգա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում, որտեղ ընթանում է փակ, սպասողական ֆուտբոլ, և եթե հանկարծ նույնիսկ առանձին վերցրած հանդիպման ժամանակ ինչ-որ բան այնպես չգնա, հնարավոր է դուրս մնալ հետագա պայքարից (ներառյալ հենց «Բարսելոնային»՝ 2006, 2009, 2011 թվականներին, որը այդ ժամանակ ոչ միայն գեղեցիկ ֆուտբոլ էր ցուցադրում, այլ նաև կարողանում էր պահպանել նվազագույն առավելությունը): Որակ, որը դեռ կատալոնացիները պետք է ցուցադրեն: Արդյոք Լուիս Էնրիկեն ունի դա իր մարզչական զինանոցում թե՞ ոչ. այս հարցը դեռ ոչ մի հիմնավորված տրամաբանական պատասխան չունի:
Աշոտ Մնացականյան