Իսկ կարապը դեռ շարունակում է իր վերջին երգը, այսինքն՝ ՀԱԿ-ի հոգևարքի փուլը ընթանում է իր հունով: Նախերգանքն արդեն եղել էր, հետո՝ առաջին քառատողն էր երգվել, հետո՝ երկրորդ, և ահա երգվեց առաջին կրկներգը՝ ԼՏՊ-ն իր հերթական և, միգուցե, վերջին «հուժկու» հանրահավաքին հանդես եկավ հերթական և հուսամ՝ վերջին «քաղաքագիտական վերլուծությամբ»:
Եվ կրկին չեմ ուզում բռնություն կիրառել ընթերցողներիս ուղեղների վրա՝ վերլուծելով դիսերտացիայի մեծությամբ այդ երկարաշունչ «վերլուծությունը», որը ներկայացվեց որպես ելույթ, այլ ուղղակի համառոտ ներկայացնեմ, թե ըստ իս՝ ինչ ասաց ԼՏՊ-ն իր բազմահատոր վեպով:
Իսկ ասելիքը շատ պարզ էր ու անհավանական՝ ՀԱԿ-ը ընդդիմադիր դաշտում իբրև թե միայնակ է մնացել: Այսինքն, ԼՏՊ-ն քաղաքական հոգևարքի պահին էլ հաստատում է ընդդիմադիր դաշտում մենաշնորհ ունենալու իր պատրանքը: Ավելին՝ ԼՏՊ-ն ասում է, թե «ընդդիմադիր դաշտում միայնակ մնացած ՀԱԿ-ին ժամանակ է պետք»: Այսինքն` ի՞նչ, շարքային ընդդիմադիրը հույս ունի «Զոմբիների վերադրաձը» ֆիլմի ցուցադրմա՞ն, թե՞ սկսել է հավատալ ռեինկարնացիայի տեսությանը: Կոնկրետ ԼՏՊ-ի ու ՀԱԿ-ի դեպքում ես նման հավանականություն չեմ տեսնում:
Ի՞նչ շարունակության մասին կարող է խոսք լինել, երբ իրենք իրենց արդեն սպառեցին, երբ իրենց առաջնորդը շարունակում է իրեն սպառել իր իսկ խոսքով: Կրկին «ավազակապետական իշխանությունների» մասին՝ մոռանալով իր ժամանակվա ավազակապետությունը, կրկին մարտի 1-ի մեղավորների անպատժելիության մասին՝ մոռանալով, որ իր կողմից մեղավոր հորջորջված օլիգարխներից մեկին ինքը մինչ օրս փաստաբանություն է անում՝ գրեթե աստվածացնելով նրան: Բայց ամենազավեշտալին այն էր, որ ԼՏՊ-ն այս անգամ տվեց նույնիսկ Գարեգին Նժդեհի անունը՝ մոռանալով, որ ժամանակին ինքն էր ասում, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է:
Այնպես որ, ֆիլմի շարունակություն կամ նոր ֆիլմի ցուցադրում չեմ կարծում, որ կարող է լինել: Կշարունակվի ընդամենը երգը, դեռ, միգուցե, կլինեն էլի քառատողեր և կրկներգեր, բայց սա ամեն դեպքում վերջին երգն է:
Կարեն Վարդանյան