«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ծայրահեղականների առաջընթացն Իրաքում սպառնում է ապակայունացնել ողջ տարածաշրջանը և վտանգ է ներկայացնում Գերմանիայի և ԵՄ-ի համար: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով բունդեսթագում Իրաք գրոհայինների դեմ պայքարի համար սպառազինություն և ռազմատեխնիկա մատակարարելու հարցով կառավարական հայտարարությամբ, գրում է ИТАР-ТАСС-ը:
Վերջին շաբաթների ընթացքում «Իսլամական պետության» ծայրահեղականներն «անհավանական չարագործություններ» են իրականացրել, նշել է Մերկելը: «Այն, ինչ չի համապատասխանում աշխարհի մասին իրենց պատկերացրածին, նրանք վերացնում են իրենց ճանապարհից»,- ասել է նա:
«Տվյալ դեպքում կրոնը հրեշավոր կերպով օգտագործվում է հանցավոր նպատակներով՝ սպանությունը, ահաբեկչությունը և դաժանությունն օրինականացնելու համար»,- հավելել է կանցլերը:
Գերմանիայի կառավարությունը, նրա խոսքով, «մանրամասնորեն գնահատել է» Իրաք զենք մատակարարելու հարցը և քննարկել բոլոր արտաքին քաղաքական գործոնները:
«Խմբավորումը վտանգ է ներկայացնում նաև անվտանգության ոլորտում մեր սեփական շահերին»,- հավելել է Մերկելը: «Մենք հնարավորություն ունենք փրկելու մարդկանց կյանքերը և թույլ չտալու Իրաքում նոր զանգվածային սպանություններ»,- ընդգծել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Գերմանիան որոշել է զինել 4.000 քուրդ զինյալների, որոնք պայքարում են Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: