Արգենտինայի կենտրոնական շրջաններում մոտ 5 հազար մարդ է տարհանվել ուժեղ ջրհեղեղի հետևանքով: Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, առավել շատ տուժել են Կորդովա, Սանտա Ֆե, Սան Լուիս, Կատամարկա և Սանտյագո դել Էստերո նահանգները՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Բազմաթիվ բնակավայրերում փողոցները պատված են ջրով, խախտված է տրանսպորտային հաղորդակցությունը, դադարեցված է էլեկտրաէներգիայի մատակարարումը, դպրոցներում չեղյալ են հայտարարվել պարապմունքները:
Կորդովայի նահանգապետը հայտարարել է, որ այս ջրհեղեղը «վերջին 50 տարվա խոշորագույն կլիմայական աղետն է»:
Երկու շաբաթ շարունակ չդադարող անձրևների զոհ է դարձել ինը մարդ:
Այնուամենայնիվ, Արգենտինայի կենտրոնական մասի համար հիդրոօդերևութաբանների կանխատեսումները մխիթարական չեն. պահպանվում է տեղատարափ անձրևների հավանականությունը, ինչն ավելի կվատթարացնի ստեղծված վիճակը: