Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում շրջանառվում են Վարդան Օսկանյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու, ապա՝ ԲՀԿ-ից դուրս գալու և նույնիսկ երկիրը լքելու մտադրության մասին լուրերը:
Դեպքերի այսպիսի զարգացումը խիստ սպասելի էր. Ծառուկյանի՝ ասպարեզից հեռացվելուց հետո, որով, փաստորեն, փակվեց նաև Քոչարյանի հետդարձի ճանապարհը, իսկ մանավանդ առանց Քոչարյանի էլ Օսկանյանը քաղաքական դաշտում մնում է անգործ և պահանջարկ չվայելող նույնիսկ ընդդիմադիր դաշտում: Հետևաբար, հեռանալն ամենատրամաբանական ելքն է: Բայց ԲՀԿ-ականները, իրենց սովորության համաձայն, փորձում են որքան հնարավոր է գաղտնի պահել ցանկացած փոփոխություն, խորհրդավորության շղարշ ստեղծել՝ մոռանալով, որ դիմակազերծումից հետո խորհրդավորությունն այլևս անհնար է:
Իհարկե, Օսկանյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին երեկվա դիմումից հետո շրջանառվող լուրերի հավաստիությունը հաստատվեց, չնայած` ԲՀԿ-ական պատգամավորները շարունակում են պնդել, թե Օսկանյանը միայն մանդատից է հրաժարվում, սակայն կշարունակի գործել կուսակցությունում:
Բայց ու՞մ է այլևս պետք նրա գործունեությունը: Բոլորս էլ հասկանում ենք, որ ԲՀԿ-ն իր առաջվա դերի նույնիսկ մի փոքր տոկոսն այլևս չի կարող ունենալ, Քոչարյանի վերադարձի ճանապարհը հարթող Օսկանյանն էլ ամբողջովին կորցրեց իր ՕԳԳ-ն, քանի որ եթե չկա Քոչարյանի վերադարձը, ապա պետք չեն այն վերադարձի ճանապարհը հարթողները, եվ այս պարագայում քաղաքականության մեջ մնալն Օսկանյանի համար ավելորդ ճոխություն կլինի, մանավանդ որ նախկին արտգործնախարարի անցյալն էլ այդքան մաքուր չէ, իսկ «Հանթսման» փողերի դեռ չմոռացված պատմության մասին էլ չեմ ասում: Այնպես որ, սպասենք օրեր առաջ մամուլում շրջանառվող լուրերի ամբողջական իրականացմանը:
Կարծում եմ` այն սարերի հետևում չէ, իսկ կուսակցությունից դուրս գալու մասին հնարավոր է, որ կասի այսօրվա համագումարում:
Կարեն Վարդանյան