Ոչ խորհրդարանական ընդդիմությունն աչքի ընկավ իր լրջությամբ, ոչ էլ՝ արտախորհրդարանականը: Հիմա էլ Ժիրայր Սեֆիլյանի անունից թռուցիկներ են բաժանվում քաղաքում, որոնցում վարորդներին քաղաքացիական անհնազանդության կոչ է արվում, մասնավորապես՝ չվճարել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները:
Առաջարկվում է նաև օգտվել օրենքի տված հնարավորությունից և 6 ամսով հետաձգել դրանց վճարումը՝ համապատասխան դիմում ներկայացնելով ՃՈ: Իսկ 6 ամիս հետո իբրև թե այլևս վճարելու կարիք չի լինի, քանի որ ապրլի 24-ին սկսվող գործընթացով իրենք կվերցնեն իշխանությունը և արդեն որպես իշխանություն կզրոյացնեն բոլոր տուգանքները:
Իհարկե, հայտարարությունները ծիծաղելի են հնչում, բայց հետևանքները կարող են բնավ ծիծաղելի չլինել, որովհետև կլինեն մարդիկ, ովքեր ոչ միայն կհավատան այս հայտարարություններին, այլև կհետևեն կոչին` չվճարելով գումարը: Իսկ հետո՞: Կանցնի այդ 6 ամիսը, այդ 6 ամսվա ընթացքում էլ արկածախնդիր ընդդիմադիրներն այդ մարդկանց կկերակրեն իշխանությանը հեռացնելու հույսերով, հիմա էլ իրենք կսկսեն ասել, թե ռեժիմը խուճապի մեջ է, այնքան, մինչև նշված ժամկետն էլ լրանա, չվճարված տուգանքները եռապատկվեն, վերջում էլ ԴԱՀԿ-ն թակի խաբված վարորդների դռները՝ արգելանքի տակ դնելով նրանց գույքը: Իսկ այդ դեպքում ի՞նչ է պատրաստվում անել «Հիմնադիր խորհրդարանը», ինքը վճարելու՞ է բոլորի փոխարեն, թե՞ թողնելու է մարդկանց բախտի քմահաճույքին:
Թե՞, միգուցե, «Հիմնադիր խորհրդարանն» ինքը լուրջ հավատում է, որ իշխանափոխություն կկատարի և կգա իշխանության, և, ասենք, Կարո Եղնուկյանն էլ որևէ նախարարի պաշտո՞ն կզբաղեցնի: Այս ամենը ես կմեկնաբանեմ մեկ բառով՝ անլրջություն: Եվ այսպիսի անլրջությամբ մարդիկ ակնկալում են երկի՞ր ղեկավարել:
Կարեն ՎարդանյանOrer.am