Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած ԲՀԿ-ն խղճուկ կերևա մյուս ընդդիմադիրների կողքին. Ա. Ադիբեկյան
Politics«Բարգավաճ Հայաստան» կուսակցության այսօվա համագումարում սենսացիոն կամ անսպասելի որոշում և հայտարարություն չի եղել: Վերջին շաբաթներին ԲՀԿ-ականներն առանձնապես չեն հերքել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտը լքելու որոշումը և Նաիրա Զոհրաբյանի կուսակցության նախագահ ընտրվելը: Orer.am-ը զրուցել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ և փորձել հասկանալ՝ ինչպես կազդի նոր ղեկավարի ընտրությունը կուսակցության իմիջի և վարկանիշի վրա: Սոցիոլոգը նշեց, որ իրենք երբեք Նաիրա Զոհրաբյանի իմիջը չեն չափել և նա երբեք չի ընկալվել բնակչության կողմից որպես լիդեր կամ առաջին դեմք՝ լինելով միայն համամասնական ընտրացուցակներում: Ըստ Ադիբեկյանի՝ Նաիրա Զոհրաբյանը չի կարող պահել կուսակցության վարկանիշն այնպիսին, ինչպիսին եղել է Գագիկ Ծառուկյանի ժամանակ: «Կանայք ավելի թույլ են լինում որպես առաջնորդ, քան տղամարդիկ, և դա արդեն շատ բան է ասում»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: Խոսելով ԲՀԿ-ի ընդդիմադիր դերակատարման մասին՝ Ադիբեկյանն ասաց. «Քանի որ Ծառուկյանը փորձեց հանդես գալ և որպես արմատական ընդդիմադիր՝ պահանջելով արտահերթ ընտրություններ, և որպես չափավոր, սա նշանակում է, որ նա բոլոր փորձերն արեց, որպեսզի պահպանի առաջատար դիրքը: Հիմա նրա դուրս գալը քաղաքական խաղերից հանգեցրել է քաղաքական դաշտի ամայացման, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող դիտվել որպես առաջնորդ, ով կարող է ապահովել ընտրողների հսկա զանգված, ովքեր ռուսամետ են: Ժամանակը ցույց կտա՝ կկարողանա արդյո՞ք Զոհրաբյանը պահել կուսակցության վարկանիշը և լինել միասնական ընդդիմադիր առաջնորդ: Բայց ինձ թվում է, որ նրա գլխավորած ԲՀԿ-ն խղճուկ կերևա Րաֆֆի Հովհաննիսյանի կամ մյուս ընդդիմադիրների կողքին»: Հարցին՝ արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանը «անցումային դերակատար» է, Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ խնդիրն այն է, թե անցում դեպի որ ուղղությամբ է: Ըստ սոցիոլոգի՝ եթե ԲՀԿ-ն խարսխված էր Ծառուկյանի ֆինանսների և անձի շուրջ, նրա հեռանալով՝ ԲՀԿ-ին կարող է սպասվել ամբողջական փլուզում: Ըստ Ա.Ադիբեկյանի՝ Օսկանյանի և Արսենյանի գնալուց հետո այնտեղ «դեմք» չի մնում, որը կկարողանա պահել կուսակցությունը: «Շատ բան նաև կախված է այն հանգամանքից, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը կշարունակի ֆինանսավորել կուսակցությունը՝ հույսով, որ վերդառնալու դեքպում կուսակցությունը կպահի իր գոյությունը»,- խոսքը եզրափակեց Ադիբեկյանը:
Լևոն Փանոսյան